Էջ:Raffi, Collected works, vol. 5 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/394

Այս էջը հաստատված է

որ նա կրիայի նման էր շարժվում։ Թե ի՞նչ գույն և ի՞նչ ձև էր ունեցել նրա հագուստը առաջ,— այդ դժվար էր որոշել, որովհետև կեղտը, սկսյալ հին ժամանակներից, այնպիսի թանձր խավ էր դրել նրա հագուստի վրա, որ բոլոր գույները ծածկվել և անհետացել էին նրա շերտերի տակ, իսկ հաճախակի կարկատանները տարիների ընթացքում աղավաղել էին նրա հագուստի իսկական ձևը։ Հաջին մեգ համար ավելի հետաքրքիր դարձավ այն ժամանակ, երբ իմացանք, որ այդ փնթի մարդը այն մեծ, քարաշեն պանդոկի տերն է և քաղաքի հարուստ հայերից մեկը։ Մեր սենյակը կարգի դնելուց հետո, նա մոտեցավ Ասլանին հարցրեց.

— Էնֆիա ունե՞ս։

Ասլանը զարմացած նայեց նրա երեսին։ Հետո մեզ ասացին, որ նա սովորություն ունի իր պանդոկի բոլոր այցելուներին այդ հարցը առաջարկել։ Երբ մեկի մոտ հայտնվում է էնֆիա (քթափոշի) և նրան «թավազա է անում», նախ լի բռնով լցնում է իր պնչածակերը, հետո սկսում է գովել նրա արժանավորությունները այնքան, մինչև «թավազա անողը» ամաչելուց ստիպված է լինում իր ունեցածի մի մասը, «բարեկամական հիշատակի համար», ընծայել նրան։ Եվ այսպես, հաջին միշտ ձրի էր ստանում այդ մեծ կարիքը, եթե ոչ, իր ահագին քիթը գրգռելու համար բավական ծախքերի կարոտ պիտի լիներ։

— Մենք մի բան չորոշեցինք ձեզ հետ, հաջի,— ասաց նրան Ասլանը,— որքա՞ն է սենյակի վարձը։

— Օրական քսան ղուրուշ, իսկ ձիաների համար` յուրաքանչյուրին մի-մի ղուրուշ,— պատասխանեց նա, ավելացնելով, որ մեր «խաթրե» համար է այդքան փոքր վերառնում, որովհետև «պատվական» մարդիկ ենք և այլն։

— Շատ չէ՞:

— Դուք, պարոն, պետք է գիտենաք, որ «մենք» սուտ խոսելու սովորություն չունենք,— ասաց նա մի անբացատրելի ժպիտ ձևացնելով դեմքի վրա։

Այդ կողմերում այդքան վարձ պահանջել կացարանի համար, աներևակայելի բան էր, այնուամենայնիվ, Ասլանը ընդունեց, ասելով։

— Լավ, գնա։

Նրա հեռանալուց հետո Ջալլադը նկատեց.

— Այդ մարդը անպատճառ հայ-բողոքական պետք է լինի:

Պատրաստ եմ գրավ բռնել։