Էջ:Raffi, Collected works, vol. 5 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/400

Այս էջը հաստատված է

—Ո՞րտեղից են գալիս,— հարցրի իմ խոսակցից, որ դեռ շարունակում էր նայել նրանց ետևից։

— Ամառանոցից,— ասաց նա, դառնալով դեպի ինձ։ — էգուց կիրակի է, քարոզ պետք է տան։

— Հետո դարձյալ կգնա՞ն ամառանոց։

— Իհարկե։ Այդ տոթերում քաղաքի մեջ «սահաբները» չեն կարող մնալ։

— Իսկ դուք կարո՞ղ եք մնալ։

— Մենք սովորել ենք Նրանք խո մեզ նման չեն։ Դուք կգա՞ք քարոզ լսելու,— խոսքը փոխեց նա,— ասում են լավ քարոզ կլինի։ Շ... «սահաբը» պետք է խոսի գոյափոխության վրա, և պետք է ապացուցանե, որ հեթանոս հայերը իզուր են հավատում, որ գինին ու հացը Հիսուս Քրիստոսի մարմինն ու արյունն են դառնում։

Ես ոչինչ չպատասխանեցի ու հեռացա։ Նա մինչև անգամ վիրավորվեց իմ անտարբերությունից, թե ինչու ես չկանգնեցի բազարի մեջտեղում և ամբողջ ժամերով չվիճեցի նրա հետ գոյափոխության վրա։

Ես գնեցի ինչ որ պետք էր ինձ և վերադարձա պանդոկը։

Ասլանը և Ջալլադը ամբողջ օրը չերևացին։ Երեկոյան, մեր սենյակում միայնակ նստած, սպասում էի նրանց։ Մի կողմում վառվում էր աղյուսի վրա կպցրած ճրագվի մոմը և տարածում էր մռայլ լուսավորություն։ Պանդոկում բոլոր վաճառականների կրպակները կողպված էին, և ամեն գործողություն դադարած էր։ Տիրում էր խորին, թախծալի լռություն։ Մի քանի ճանապարհորդներ, մեր կից սենյակների դռների առջև նստած, ընթրիք էին անում։ Ոմանք դռների առջև քնած էին։ Ներսում տոթը հեղձուցիչ էր։ Ես նայում էի վառվող մոմի վրա։ Անթիվ միջատները, փոքրիկ, նախշուն թիթեռները, սուլելով, սավառնելով, պտտում էին մոմի շուրջը։ Լույսը հրապուրում էր նրանց, լույսը ուրախացնում էր նրանց։ Լույսի հետ խաղ էին անում և լույսի մոտ ընկնում էին... Լուսավորության խեղճ զոհեր...

Ասլանը և Ջալլադը վերադարձան խիստ ուշ։ Մեծ եղավ իմ ապշությունը, երբ տեսա Ջալլադին՝ ոտից գլուխ կերպարանափոխված։ Նա այժմ եվրոպական հագուստ էր հագած։ Ո՜րքան պատկառելի էր երևում նա այդ հագուստի մեջ, ո՞րքան պատշաճավոր էր նրան այդ հագուստը։ Երևում էր, որ նա մանկությունից սնվել, մեծացել էր այդ հագուստով։

Նա ժպտալով ողջունեց ինձ և հարցրեց․