Էջ:Raffi, Collected works, vol. 5 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/404

Այս էջը հաստատված է

Ես խլեցի նրա քունը և հանգստությունը։ Մեր խոսակցության առարկան այնքան մոտ էր նրա սրտին, որ նա պառկած տեղից բարձրացավ և նստեց։ Մոմի լույսը ուղիղ ընկած էր նրա գունաթափ երեսի վրա: Այդ դեմքի յուրաքանչյուր փոփոխությունը այնքան ծանոթ էր ինձ, որ երբ ես նկատում էի նրա վրա այժմյան թախծալի դալկությունը, արդեն գիտեի, որ նա հոգեկան սաստիկ տանջանքի մեջ էր գտնվում։ Ի՞նչ էր պատահել այնօր նրա հետ։

— Կարելի է,— կրկնեց նա:— Հայերը, սկսյալ ամենահին ժամանակներից, մի զարմանալի ընդունակություն ունեն, եթե ոչ նոր կրոնքներ ստեղծելու, բայց գոնե օտարներից ընդունած կրոնքներին ազգային գույն ու ձև տալու։ Հայերը, ընդունելով օտար կրոնքը, նրա վրա դնում են իրանց ազգային դրոշմը, — նրան հարմարեցնում են իրանց պատմության, ավանդությունների, սովորությունների և ցեղական հատկությունների հետ։ Այդ ազգային մի մեծ ձիրք է, որից զուրկ են շատ ազգեր։ Գերի բերելով հունաց աստվածներին, մեր նախնիքը հայացրին նրանց, մինչև անգամ նրանց անունները փոխեցին։ Հրավիրելով պարսից աստվածներին, նույնպես վարվեցան նրանց հետ։ Քրիստոնեական եկեղեցին, որ առաքյալների ձեռքով հիմնվեցավ Հայաստանում, բայց լուսավորչի ձեռքով բոլորովին կերպարանափոխվեցավ։ Հայերը չմիացան ոչ Հռոմի և ոչ Բյուզանդիայի եկեղեցիների հետ։ Վերջին ժամանակներում մտավ հայերի մի մասի մեջ կաթոլիկությունը և բողոքականությունը։ Առաջինը, կաթոլիկությունը, նույնպես ազգային կերպարանք ստացավ և դարձավ իսկապես հայ կաթոլիկություն։ Հայերը պահպանեցին իրանց եկեղեցական վաղեմի ծեսերը, արարողությունները, պաշտամունքը և, որ ամենագլխավորն է, — լեզուն։ Իսկ բողոքականությունը դեռ հայերի մեջ ազգային գույն չէ ստացել։ Այն, որ Ջալլադը նկարագրեց, միսիոնարի բողոքականություն է։

— Ի՞նչ պետք է անել Ջալլադի կարծիքով։

— Նրա կարծիքով, պետք է աշխատել հեռացնելու միսիոնարների թե՛ ազդեցությունը և թե՛ ներգործությունը, և կազմել ինքնուրույն հայ-բողոքական եկեղեցի։ Եվ այդ կլինի նրա գործունեության բուն նպատակը։

—Կհաջողվի՞ նրան։

— Ես հավատացած եմ, որ կհաջողվի։ Նա չափազանց եռանդոտ և հաստատ կամքի տեր մարդ է։

Սենյակի դուռը կամաց բացվեցավ, պանդոկի սպասավորներից մեկը գլուխը ներս բերեց, ասելով.