Էջ:Raffi, Collected works, vol. 5 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/406

Այս էջը հաստատված է

— Էլ ուրիշ ոչինչ չկա՞։

— Ինչպես չկա, պատվելի պարոն,— պատասխանեց նա ժպտալով, և այդ միջոցին նրա ահագին քթի ծակերը ավելի լայնացան։— Ինչպես չկա,— կրկնեց նա և տվեց ինձ մի պատառ կեղտոտ թղթի կտոր, ավելացնելով, թե բոլորը մի ըստ միոջե գրել է տվել այդ թղթի վրա։

Ես այժմ նրա համար «պատվելի պարոն» էի դարձել։ Նա մի ամբողջ հաշիվ էր շինել, որի ճշտությունը և անճշտությունը քննելու համար ոչ ժամանակ կար և ոչ հաճություն։ Բայց ինձ բարկացրեց մի բան։

— Այդ ջրի ամանը ինչո՞ւ եք գրել այստեղ,— հարցրի նրանից։

— Ինչու չգրել, պատվելի պարոն,— պատասխանեց նա զարմացած կերպով։

— Նրա համար, որ այդ ամանով դուք մեզ ջուր տվեցիք, մենք ջուրը գործածեցինք, եթե ջուրը մի առանձին արժեք ունի, կտանք, բայց ամանը այստեղ պետք է թողնենք ու գնանք։

— Ինչո՞ւ եք թողնում, պատվելի պարոն, կարող եք ամանն էլ ձեզ հետ տանել, չէ՞ որ ձեզ համար է գնված։

Անպիտանը հավաստի էր, որ մենք այն մեծ խեցեղեն կուժը մեզ հետ չէինք տանի, այդ պատճառով այսպիսի առաջարկություն էր անում, որ մեզ դժվարության մեջ դնե։

— Դուք ձեր բոլոր այցելուների հետ այդպե՞ս եք վարվում,— հարցրի նրանից։

— Դուք գիտեք, պատվելի պարոն, որ մենք սուտ խոսելու սովորություն չունենք,— կրկնեց նա հայ-բողոքականի սովորական պարծենկոտությամբ։

Ես վճարեցի բոլորը, ինչ որ նրա թղթի վրա գրած էր։ Բայց այդ միջոցին իմ մեջ խաղաց իմ մանկական չարություններից մեկը։

— Ուրեմն այդ կուժը այժմ մեզ է պատկանում։ Այսպես չէ՞ ։

— Իհարկե, ձեզ է պատկանում, սիրելի եղբայր...— ասաց նա, բայց հետո ուշի գալով, որ հային «եղբայր» ասելը մեղք է, իսկույն ուղղեց իր սխալը։

— Իհարկե, ձեզ է պատկանում, պատվելի պարոն։ Կարող եք ձեզ հետ տանել։

— Ես նրան կթողնեմ այստեղ։

Ժլատի դեմքը փայլեց։ Բայց ես կուժը զարկեցի սենյակի քարե