Էջ:Raffi, Collected works, vol. 5 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/410

Այս էջը հաստատված է

— Ուրեմն մենք բավական տեղ ուղեկից կլինենք. ես էլ այդ գյուղն եմ գնում։— Նա ցույց տվեց մի հեռավոր գյուղ։

Ասլանը սկսեց ֆրանսերեն խոսել նրա հետ։ Ես չէի հասկանում, թե ինչ էին խոսում, միայն նկատում էի, որ կրոնավորը սաստիկ զվարթացավ, ուրախ էր, անդադար ժպտում էր և ավելի ծիծաղում էր, քան թե խոսում էր։ Նա իսկույն սկսեց մտերմանալ մեզ հետ. իր ծառային կանգնեցրեց, նրա խուրջինից հանել տվեց մի շիշ կոնյակ, նախ ինքը խմեց, հետո մի-մի ֆինջան առաջարկեց մեզ։ Նրա ծառան, երևի, գիտեր իր հայր սուրբի սովորությունը, հանեց խուրջինից և մի-մի վարունգ տվեց մեզ, ասելով.

— Դա զովացնում է:

Այդ միջոցին մեր ընկեր Արփիարը ոչինչ չէր խոսում. նա միայն ուշադրությամբ նայում էր կրոնավորի վրա։ Երևում էր, որ նա հասկանում էր կրոնավորի լեզուն, որովհետև ես ստեպ տեսնում էի նրա սառն դեմքի վրա մի տեսակ ցնցումներ, որ խորին զզվանք էին արտահայտում։ Զարմանում էի, որ մի այդպիսի հրեշտակը բարկանալ գիտեր։ Ես կրկին սկսեցի նայել դեպի Մուշի գեղեցիկ դաշտը։ Մի թիզ անմշակ տեղ չէր երևում։ Դեպի ամեն կողմ հասունացած հունձքը ոսկյա ալիքներով ծածկում էր, ծավալվում էր և խորին բերկրանք էր պատճառում։ Նայում էի դեպի աջ. երևում էին` Գրգուռ, Նեմրութի (Նեբրովթ) լեռները, երևում էին Նեմբութի ուղտերի քարացած շարքերը, որ տեղացիների լեզվով կոչվում էին «Ըղտու քարեր»։ Այդ բոլորը հիշեցնում էին ինձ այն վաղեմի հերոսական արկածները, որ կատարվել էին Բաբելացոց աստծու—Բելի և մեր նախահոր` Հայկ-դյուցազնի մեջ։ Նայում էի դեպի ձախ. երևում էր Տավրոսի շղթան` Խութա բարձր լեռներով, որոնց մյուս կողմում` շատախցիք գազանների հետ են պատերազմում։ Իսկ մեր առջևում Մեղրի գետի շամբուտների մեջ թաքնված էին Օձ քաղաքի առասպելապատում ավերակները։ Դեպի ո՛ր կողմ և նայում էի, երևում էին հայրենյաց անմոռանալի հիշատակները։ Բոլորը իմ սրտին շատ մոտ էին, բոլորը լցնում էին իմ սիրտը մի սրբազան հպարտությամբ, երբ մտաբերում էի փառավոր անցյալը,— և, միևնույն ժամանակ, բոլորը լցնում էին իմ սիրտը մի թախծալի տխրությամբ, երբ տեսնում էի թշվառ ներկան...

Խոսակցությունը հասարակաց լինելու համար, կրոնավորը այժմ խոսում էր թուրքերեն։ Նա Ասլանին` երկրի և նրա պատմության հետ անծանոթ մի եվրոպացու տեղ դնելով, պատմում էր