Էջ:Raffi, Collected works, vol. 5 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/423

Այս էջը հաստատված է

Ի՞նչ էր պակաս... սենյակներ կային... բայց անցյալ տարի մեր մեղրից շատ անձրևներ եկան... կտուրները փլան... դեո այնպես մնում են ու կմնան...»

Պետք է շատ երկար սպասել, մինչև տեր հայրը, շունչ առնելով, փսփսալով, երբեմն դեպի մեզ և երբեմն դեպի իր ժամավորները նայելով, կվերջացներ իր երկար բացատրությունները։ Բայց նրա խոսքը ընդհատեց մի մարդ, որ մոտեցավ մեզ և առաջարկեց իր հյուրասիրությունը, ասելով.

— Նավաստիս տունը շատ հեռու չէ եկեղեցուց, եթե կբարեհաճեիք, ինձ մեծ պատիվ արած կլինեիք, եթե այդ գիշերը իմ ծածկի տակ կանցկացնեիք։

Մենք հոժարությամբ ընդունեցինք։ Նա ընկավ մեր աոջևը, սկսեց տանել դեպի իր տունը։

Մեր ետևից բարձրացավ խառնաձայն աղմուկ, լսվում էին այդպիսի հանդիմանական խոսքեր. «ինչո՞ւ խաբեցիր... ինչո՞ւ սուտ խոսեցիր... ինչո՞ւ մեզ ամաչացրիր այդ օտարականների մոտ. սենյակներում գարի ես լցրել, և ասում ես, թե փլած են...»։

Երևում էր, որ տերտերին գզգզում էին:

Ես մեր հյուրընկալին նկատեցի.

— Ձեր տերտերը ժամասացությո՞ւնն էլ այդպես ձգձգում է, ինչպես սենյակների բացատրությունը։

— Շատ բառեր կուլ է տալիս,— պատասխանեց նա ժպտալով,— եթե ամեն խոսք կարդալու լիներ, մենք բոլորովին կորած էինք։

Մենք մտանք մի բավական կոկիկ տուն, փոքրիկ պարտեզով։

Մաքուր, արևելյան ճաշակով կահավորված մի սենյակ էր, ուր ներս տարավ մեզ մեր հյուրընկալը, և խնդրեց նստել, ասելով.

— Այնպես համարեցեք, որ ձեր տանն եք, ես իսկույն կպատվիրեմ, որ մեզ ուտելու մի բան տան։

Այստեղ ինչպես այդ կողմերի բոլոր քաղաքներում, սովորություն ունեին կեսօրին՝ ճաշի ժամանակ՝ նախաճաշիկ ուտել, իսկ երեկոյան՝ ընթրիքի ժամանակ՝ ճաշ ուտել: Որովհետև մարդիկ, ամբողջ օրը քաղաքում զբաղված լինելով, վերադառնում էին տուն երեկոյան միայն, ուր սպասում էր նրանց պատրաստի սեղանը։

Ընթրիքից հետո մեզ սուրճ տվեցին։ Հայտնվեցավ, որ մեր հյուրընկալը քաղաքի ունևոր կալվածատերերից մեկն էր, և ծխախոտի ընդարձակ մշակություն ուներ։

Արփիարը, մի կողմ քաշված, պառկել էր մինդարի վրա և լուռ