Էջ:Raffi, Collected works, vol. 5 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/425

Այս էջը հաստատված է

— Ոչ, շատ չի լինի, որովհետև մեր գյուղերում այնպիսի ընտանիքներ կան, որ 20, 30 կամ ավելի անդամներից են բաղկացած։

— Այսուամենայնիվ 10 հոգի մեծ թիվ է: Ընդունենք այդպես, և կստանանք հետևյալ թվանշանները։ Ամբողջ Մուշի դաշտի մեջ 100 հայաբնակ գյուղ, 7.000 տուն և 70.000 բնակիչ։ Եվ եթե դրա վրա ավելացնենք քաղաքի 1.000 տան բնակիչները, ընդամենը կլինի 80.000 բնակիչ։

— Բայց դուք այն հարցրեք,— նկատեց մեր հյուրրնկայը.— թե այդքան բնակիչներից ո՞րքանն է իր հայրենի հողի վրա բնակվում։ Կարելի է ասել, որ կես մասը պանդխտության մեջ է ապրում:

— Պանդխտության մեջ ի՞նչ են շինում։

— Համալություն են անում։

— Անրա՜խտ Տարոն,— բաղականչեց վշտացած երիտասարդը տխուր ձայնով,— քո գյուղացին առաջ գնում էր օտար երկրում կայսր էր դառնում, իսկ հիմա գնում է համալ է դառնում...

Մեր հյուրընկալի բարի աչքերը զարմացքից լայնացան։ Զարմացա և ես։

— Ինչո՞ւ եք զարմանում,— դարձավ նա դեպի մեզ,— հունաց երևելի Վասիլ կայսրը, որ Կ. Պոլսում գահ նստավ 867 թվին, Տարոնի թիլ ավանիցն էր։ Նրա թոոռ Կոստանդին Պերփեռուժեն կայսրը նույնպես նշանավոր եղավ, որպես իր պապը, և գրեց նրա պատմությունը, որ լի է բազմաթիվ մեծագործություններով։ Հայաստանը շատ կայսրներ ու մեծ զորապետներ է տվել, թե՛ Հռոմին և թե՛ Բյուզանդիային, ուր նրա որդիները այժմ գնում են, համալություն են անում։

Ճրագի լույսը լուսավորում էր նրա գունաթափ դեմքը, որի վրա հայտնվեցավ մի թեթև կարմրություն։ Նա հանեց ծոցի գրպանից մի փոքրիկ գրքույկ, ինչպես բողոքականի քարոզիչը ամեն դեպքում դուրս է բերում ծոցի ավետարանը։ Նրա ձեռքերը զգայի կերպով դողում էին։ Երևում էր, որ մեր հյուրընկալի հաղորդած թվանշանները ավելի գրգռեցին նրա տխուր զգացմունքները։ Մենք ամենքս նայում էինք նրա երեսին։ Նա թերթում էր փոքրիկ գրքույկը և մատիտով մի պատառ թղթի վրա նշանակում էր իր դիտողությունները։ Երբ վերջացրեց, գլուխը վեր բարձրացրեց, ասելով.

— Ի՜նչ մեծ տարբերություն... այդ սարսափելի՜ է։

Ասլանը այնպիսի հիացմունքով նայում էր նրա վրա, ինչպես մի մեծ եղբայր, որ ուրախանում է կրտսերի առաջադիմությամբ։