Էջ:Raffi, Collected works, vol. 5 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/426

Այս էջը հաստատված է

Երիտասարդը դարձավ դեպի մեր հյուրընկալը։

— Մեր հին պատմաբաններից մեկը, Զենոբ Գլակը, թողել է մեզ մի քանի հետաքրքիր թվանշաններ, որոնցից կարելի է եզրակացնել, թե որքան մեծ բազմամարդություն է ունեցել Տարոնը առաջ և որքան փոքրացել է նրա բնակիչների թիվը այժմ: Պետք է գիտենաք, որ Զենոբ Գլակը Լուսավորչի ժամանակակից էր և նրա նշանավոր եպիսկոպոսներից մեկը, որին Լուսավորիչը Տարոնի Կարապետ վանքի առաջին վանահայր կարգեց: Եվ որովհետև Զենոբ Գլակը գործակից եղավ Լուսավորչին այդ վանքի կառուցանելու ժամանակ, այդ պատճառով վանքը կոչվեցավ և Գլակա վանք։ Այդ վանքը այսօր էլ կա և ոչ միայն Տարոնի, այլ ամբողջ Հայաստանի ամենանշանավոր վանքերից մեկն է։ Էջմիածնից հետո նրան կարելի է դնել։ Գուցե ձեզ հայտնի է, որ Ս. Կարապետի վանքը առաջ մի կռատուն էր, հնդկացի գաղթականներից ամենահին ժամանակներում հիմնված։ Լուսավորիչը այդ կռատունը քանդեց և նրա տեղում՝ ս. Կարապետի վանքը հիմնեց։— Այդ բոլորը ասում եմ ձեզ, որ այդ վանքի մասին փոքր-ինչ պատմական գաղափար ունենաք, բայց բանը դրանում չէ։ Ս. Կարապետի վանքը, դեռ կռատուն եղած ժամանակ, ուներ իր շրջակայքում տասն և երկու գյուղեր, իբրև վանական սեփականություն։ Երբ կռատունը քրիստոնեական տաճարի փոխվեցավ, Լուսավորիչը նույն գյուղերը դարձյալ թողեց, որպես նույն վանքի ժառանգություն։ Դժբախտաբար Զենոբը իր գրքի մեջ հիշյալ տասներկու գյուղերից միայն յոթնի անուններն է հիշում, բայց այդքանը ևս շատ բան է ապացուցանում այն ժամանակի վիճակագրության համար։ Ես կկարդամ ձեզ նրանց անունները, թե յուրաքանչյուրը քանի երդ, այսինքն ծուխ ուներ, և ո՛րքան զորք կարող էր դուրս բերել պատերազմի ժամանակ։

Նա սկսեց փոքրիկ թղթի պատառի վրա կարդալ յոթն գյուղերի անունները, որ դուրս էր բերել Զենոբի գրքից։

1. Կուառս ուներ 3.012 երդ կամ ծուխ, 1.500 հեծյալ, 2.200 հետևակ զորք։ 2. Մեղդի՝ 2.080 երդ, 800 հեծյալ, 1.030 3. Խորտում՝ 200 երդ, 400 հետևակ։ 4 Խորնհի՝ մեր Մովսես Խորենացու ծննդավայրը— 1.906 երդ, 700 հեծյալ, 1.008 հետևակ, 5. Կեղք՝ 600 երդ, 800 հեծյալ, 600 հետևակ։ 6. սյարե|ս' К 680 երդ, 1.030 հեծյալ, 600 հետևակ, 7. Բազում՝ 3.200 երդ, 1.040 հեծյալ, 8.040 աղեղնավոր, 6000 տեգավոր, 280 պարսավոր։

— Ուրեմն 7 գյուղը ունեցել է 14.378 երդ կամ ծուխ։ Եթե յուրաքանչյուր ծուխը հաշվելու լինենք 10 հոգի, ինչպես հաշվեցինք