Էջ:Raffi, Collected works, vol. 5 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/433

Այս էջը հաստատված է

տաժանական ճանապարհորդության միջոցին, — այդքանը միայն կասեմ, երբ հասանք Նյու-Յորք, մենք ամենքս շատ առողջ էինք։ Իրավ, մեծ հետաքրքրություն շարժեցինք մենք այդ ամերիկական բազմամարդ քաղաքում մեր հագուստներով, մեր տիպերով, մեր սովորություններով։ Գիտնական ճանապարհորդը իր հավաքած իրեղենների թվում դրեց և մեզ։ Նա կազմել էր մի շարք դասախոսություններ իր ճանապարհորդությունների մասին, և նրա առաջին դասախոսության առարկան ներկայացնում էինք — մենք։ Դահլիճը լցված էր ունկնդիրների բազմությամբ, և դասախոսի ամբիոնի մի կողմում նստած էինք ես և Կարոն, իսկ մյուս կողմում՝ Սագոն և մի հնդկացի հայ տղա, որ նա վեր էր առել Ջավա կղզուց։ Մեզ վրա նայում էին, որպես մի անհայտ երկրից բերված վայրենիների վրա։ Պերճախոս ճանապարհորդը խոսում էր և ձեռքով ցույց էր տալիս մեզ վրա։ Նախ ընդհանուր գծերով նկարագրեց Ասիայի մտավոր խավարը, անկրթությունը և ժողովրդի թշվառությունը ուսման պակասության պատճառով։ Հետո, մասնավորելով իր նկատողությունները, խոսեց հայոց ազգի վրա, թե ի՞նչ պատմական անցյալ է ունեցել նա, ի՞նչ նշանակություն է ունեցել Հռոմի և Բյուզանդիայի կայսրների ժամանակ, ինչ դեր է խաղացել խաչակրաց արշավանքների ժամանակ, ո՛րքան պատերազմել է մահմեդականների դեմ և ինչ հասարակական պետք ունի ներկայումս։ Իր դատողությունները առաջ տանելով, գիտնական դասախոսը այն եզրակացության հասավ, թե հայերը ընդունակ են լինելու մի հաջողակ միջնորդ՝ լուսավոր աշխարհների կրթությունը Ասիայում տարածելու։ «Մենք մոտեցանք Ասիային մեր միսիոնաթներով ու ավետարանով»,— ասաց նա,— և դրանով ավելի զայրացրինք նրանց, որովհետև կրոնական ավանդապահությունը, դարերի ընթացքում, խիստ խորին արմատներ է ձգել նրանց մեջ։ Մենք դիպանք նրանց հոգու և զգացմունքների ամենափափուկ լարերին, և դրանով զզվանք հարուցինք նրանց մեջ՝ թե դեպի մեզ, և թե դեպի այն լույսը, որ տարածել էինք ուզում։ Մենք մեր միսիոնարների ձեռքով կատարեցինք մի վատ ծառայություն — ուրիշի տան մեջ երկպառակություն ձգեցինք։ Փորձենք՝ ձեռք մեկնել Ասիային ճշմարիտ գիտության և լուսավորության առաքյալներով, այլն ժամանակ, երբ հավատացած եմ, որ նրանք կսիրեն մեզ: Թո՛ղ տանք կրոնի գործը իրանց։ Ասիան, կրոնքների հեղինակը, գիտե իր համար նոր կրոնքներ ստեղծել, եթե այդ պետք է նրան»։ — Նա վերջացրեց իր դասախոսությունը այդ խոսքերով. «Ասիան տվեց մեզ գիտության