Էջ:Raffi, Collected works, vol. 5 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/440

Այս էջը հաստատված է

բովանդակության մասին խոսելը, ես, իբրև միջանկյալ, պետք է հիշեցնեմ քեզ մի փոքրիկ մանրավեպ,— որով ավելի հասկանալի կլինի քեզ նամակի բովանդակությունը։ Դու, իհարկե, չես մոռացել, որ իմ պատմության սկզբում ասացի, թե մստեր Ֆիշերի հետ Ամերիկա գնալու ժամանակ` Պարսկաստանից անցանք Ավղանիստան, այնտեղից Հնդկաստան, հետո Ամերիկա։ Լավ լսիր։ Ավղանիստանից անցնելու միջոցին, Հարուլի մոտակայքում, անապատի մեջ, մեզ պատահեց տեսնել հայ-բոշաների մի բանակ, որ բաղկացած էր մի քանի հարյուր ընտանիքներից։ Նրանք բնակվում էին եղեգնյա շարժական տաղավարների մեջ, որ չվելու ժամանակ ման էին ածում իրանց գրաստների վրա։ Այդ թափառականները այնքան հետաքրքրեցին մեզ, մանավանդ մստեր Ֆիշերին, որ մնացինք նրանց բանակում մի ամբողջ շաբաթ։ Չափազանց հյուրասեր, ուրախ, անհոգ և պարզ մարդիկ էին։ Մի հալածանքի պատճառով նրանք գաղթել էին Սպահանի կողմերից և անցել էին դեպի Ավղանիստանի անապատները։ Խոսում էին պարզ հայերեն, պահպանել էին լուսավորչական կրոնը, ման էին ածում իրանց հետ շարժական եկեղեցի և քահանաներ։ Թե ի՞նչ պատմական հանգամանքներից ստիպված, կամ ո՞ր ժամանակներից սկսել էին նրանք թափառական կյանք վարել,— այդ դժվար էր ստուգել, միայն այդքանը պարզ էր, որ նրանք դարերի ընթացքում այնքան էին փոխվել, որ բոլորովին սեփականել էին իրանց բոշաների սովորությունները։ Սաքոն համարյա սիրահարվեցավ նրանց վրա. մենք դժվարությամբ կարողացանք բաժանել նրան այդ թափառականներից։— Ահա այդ հայ-բոշաներն էին գլխավորապես Ռաֆայելի նամակի առարկան։

Ես անհամբերությամբ լսում էի. Ասլանը նայեց իր ժամացույցին և շարունակեց.

— Սաքոն իր ընկերների հետ` երբ հասնում են Հնդկաստան, մոռանում են այն ուխտը, որ հանդիսավոր կերպով հայտնեցին` Նյու-Յորքից մեկնելու միջոցին, վերջին ճաշի ժամանակ, իրանց բարեկամների շրջանում,— այո՛, մոռանում են և հրապուրվում են բոլորովին այլ մտքերով։ Նրանք նախ մտնում են Զավա կղզու Բաթավիա քաղաքը, որտեղ բնակվում էր Ռաֆայելի մայրը և նրա ազգականները։ Այդ քաղաքում կային նշանավոր հայ վաճառականեր և հարուստ հայ կալվածատերներ, որոնք իրանց սեփական դաստակերտներում շաքարի և լեղակի գործարաններ ունեին: Դրանք Շահ-Աբասի Սպահան տարած գաղթականներիցն էին,