Էջ:Raffi, Collected works, vol. 5 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/447

Այս էջը հաստատված է

Նայում էի դեպի տասնևվեց դարերի պատկառելի սրբավայրը, նայում էի դեպի սքանչելի բարձրավանդակը, որի վրա կանգնած էր նա, նայում էի դեպի շրջապատող լեռները, որ գրկել էին նրան, նայում էի դեպի կանաչազարդ հովիտը, որ սփռված էր նրա առջև,— նայում էի և մտածում էի, թե հայկական գեղարվեստը` ճարտարությունը զարգացավ վանքերի շինության մեջ, իսկ հայկական գեղասեր ճաշակը զարգացավ տեղերի և տեսարանների ընտրության մեջ, որ վայելուչ էին նրանց կառուցման համար։

Երբեմն մի ամենահասարակ հակադիպություն փարատում է մեր սրտից ամենածանր տարակուսանքներ։ Ասլանը հայտնեց, որ ինձ պետք է թողնե այդ վանքում, իսկ ես լռեցի, չհայտնեցի նրան իմ դժկամությունը։ Բայց երբ, դեռ վանքը չհասած, ճանապարհին պատմեց ինձ դեռ չմոռացված ավանդությունը, թե այդ վանքում աշխատել են հայկական դպրության Ոսկեդարի ականավոր մարդիկը, թե այդ վանքի խլության մեջ են կատարվել նրանց մտավոր վաստակները, թե այդ վանքում են դրված և նրանց պաշտելի շիրիմները,— այդ բոլորը լսելով, իմ մտատանջությունը ամոքվեցավ, իմ կասկածները փարատվեցան, և ես խոնարհվեցա անցյալ ժամանակների սրբազան հիշողությունների առջև` աշխատել և սովորել այն հարկի տակ, որտեղ աշխատել են մեր բազմավաստակ հայրերը, ոգևորվել նրանց անմոռանալի շիրիմներով, և սրտով ու հոգով նվիրվել ուսման ճգնությանը։

Առաջինը, որ հեռվից գրավեց իմ ուշադրությունը, դա էր վանքի շրջապարիսպի արևելյան կողմում սյուների մի շարք, որ բարձր կոթողների նման կանգնած էին միմյանց մոտ։ Ասլանը ինձ տարավ նրանց մոտ։ Դրանք թվով տասն գեղաքանդակ խաչքարինք էին, որ դրված էին քարե պատվանդանների վրա։ Ավանդությունը «Թարգմանչաց գերեզման» է կոչում այդ լուռ հիշատակարանները։ Նրանցից մեկի վրա ես կարդացի հայոց անպարտելի փիլիսոփայի` Դավիթ Անհաղթի անունը։ Այդ խաչքարերի խումբի առջև, փոքր-ինչ հեռու, դրված էին երկու անշուք գերեզմաններ. մացառների միջից հազիվ երևում էին նրանք։ Քարարած մամուռը դրել էր այդ տապանների վրա իր գորշ-կանաչագույն խավերը, ոչ գիր և ոչ թվական չեն երևում. նրանց թվականը, նրանց տապանագիրը դրոշմված են ամեն մի զգայուն հայ մարդու սրտի մեջ։ Ժամանակները քարը մաշեցին, գիրը ջնջեցին, բայց սրտերի մեջ անեղծ մնաց նա։ Այդ երկու փոքրիկ տապանների մեջ հանգչում են երկու հոյակապ անձինք — Մովսես Խորենացին և նրա ընկեր