Էջ:Raffi, Collected works, vol. 5 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/450

Այս էջը հաստատված է

և շարականներ պետք է անգիր երգել... Դիցուք թե անգիր արեցիր, բայց ձայնը ո՞րտեղից կբերես... Իմ մեջ առաջվա հիշողությունը չէ մնացել. ես դեռ աշակերտ եղած ժամանակ Հոմերոսից և Վիրգիլիոսից ամբողջ գլուխներ անգիր գիտեի, բայց հիմա դժվարանում եմ մի քանի աղոթքներ անգիր սերտել...

Հազը դարձյալ սկսեց։ Ասլանը ուշադրությամբ լսում էր։ Իմ ուշադրությունը նույնպես գրավեց նրա բողոքը, որի մեջ այնքան մաղձ և դառնություն կար, որքան մեծ հոժարություն` նվիրված լինելու և եկեղեցու սպասավորությանը։ Նա շարունակեց.

— Դատապարտելին այն չէ, որ ձեռնադրող եպիսկոպոսը մեզանից պահանջում է այն, ինչ որ կպահանջեր մի անգրագետ տիրացվից,— դատապարտելին այն է, որ ժողովուրդն էլ հենց այդ է պահանջում: Նրա համար պետք է գիտենալ ամբողջ այսմավուրքը, ամբողջ հարանց վարքը... Նրա համար պետք է գիտենալ, թե ինչպես տեր Հուսկան որդին տեսավ իր առջև արյան ծովը, թե ո՛րտեղ Հովնան մարգարեն դուրս եկավ ձկան փորից, կամ ի՛նչպես զռաց Բաղաամի էշը.... Այդ բոլորը պետք է գիտենալ, բայց մենք այդ բաները չենք սովորել...

Նրա սեղանի վրա դրած էր մի բաժակ կաթ, նա վեր առեց և կոկորդը զովացրեց։ Ասլանը դիմեց նրան բժշկի հարցով.

— Այժմ ի՞նչպես եք զգում ձեզ։

— Այժմ այնքան վատ չեմ... այստեղ օդը բավական կազդուրեց ինձ...— ասաց նա, կաթի բաժակը ցած դնելով։ — Բայց ձեզ, իբրև բժշկի, պետք է ավելի հասկանալի լինի, որ ես կարոտ եմ սնունդի, և լավ սնունդի, որից զրկված եմ այստեղ... Պետք է պաս պահել, պետք է ենթարկվել վանական բոլոր կանոններին,— իսկ դրանք սաստկացնում են իմ հիվանդությունը...

— Չե՞ք մտածում թողնել վանքը։ Ես ձեզ խորհուրդ կտայի թողնել։

— Ոչ, մի անգամ որ սկսել եմ, պետք է վերջացնեմ...

— Թույլ տվեք քննել ձեր կուրծքը։

— Ի՜նչ քննել, ես գիտեմ այնտեղ ի՞նչ է կատարվում...

Հազը, որ ավելի սաստկությամբ սկսվեց այժմ, ստուգեց, թե ի՜նչ էր կատարվում այնտեղ...

Ասլանը աշխատում էր չխոսեցնել նրան, որովհետև նկատում էր, թե որքան տանջվում էր նա խոսելու ժամանակ։ Բայց նա ցանկանում էր խոսել և միշտ խոսել, կարծես երկար ժամանակ չէր խոսացել։