Էջ:Raffi, Collected works, vol. 5 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/465

Այս էջը հաստատված է

ԱՄՐՈՑԻ ԱՂՋԻԿԸ

Անցան տարինե՜ր: Քանի՜ տարիներ,— լավ չեմ հիշում։

Տխո՜ւր և ծա՜նր էին ժամանակները։ Կարծես, մի բան բոլորի սրտերի վրա ճնշում էր, բոլորին շվարեցնում էր։ Մարդիկ դժգոհ էին, բայց չգիտեին թե ի՞նչ բանից են դժգոհ: Տիրում էր ընդհանուր վհատություն, ընդհանուր թախծության հետ։ Ոչինչ մխիթարական չկար, ոչինչ չէր զորացնում բեկված սրտերը։ Ամեն ոք մի խուլ անբացատրելի տագնապի մեջ էր գտնվում։ Կարծես օդի մեջ շարժվում էր մի դիվական շունչ, որ բոլորի վրա սարսափ էր ազդում։

Մի բան սպասվում էր։

Գիշերները մարդիկ տանից դուրս չէին գալիս։ Ցերեկը շինականները խումբերով էին գնում իրանց դաշտային մշակությունները անելու։ Անասունները գյուղերից շատ հեռու չէին քշում արածացնելու համար։ Աղքատը դժգոհ էր, որ ոչինչ չունի, հարուստը դժգոհ էր, թե ի՞նչպես պահե ունեցածը։ Ճանապարհները դատարկվել էին, քարավանների երթևեկություն չկար։ Լեռների մեջ ամեն քար, ամեն ժայռ ավազակ էր դարձել։ Անցնելու հնար չկար:

Ինքը բնությունը զայրացել էր. պատժում էր մարդիկներին: Երեք տարի շարունակ երաշտությունից հետո, սկսվեցավ կատաղի սովը: Քուրդերը իրանց երեխաներին ածել էին բազարներում և անցնողներին ասում էին. «Տարեք, պահեցեք, ձեզ ծառա և ստրուկ դարձրեք, միայն հաց ուտացրեք, որ չմեռնեն»: Շունը,