Էջ:Raffi, Collected works, vol. 5 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/467

Այս էջը հաստատված է

Այդ թղթերը այնպես էին ծածկում փողոցները, կարծես կարկուտի նման երկնքից էին թափվում։ Ի՛նչ էին ուզում, ի՞նչ էին պահանջում,- ոչ ոք չէր հասկանում։ Թե մեչիտներում և թե եկեղեցիներում աղոթում էին, որ մի հանգստություն լինի։ Մոլլան և տերտերը խրատում էին սրիկաներին, որ խելքի գան։ Բայց Զեյթունից ապստամբության ձայն էր լսվում։ Արզրումի մեջ որոնում էին մի ինչ-որ դավադրություն։ Իսկ Կ. Պոլսում այդ միջոցին զբաղված էին երկու հանելուկային թվերով- 16 և 61։

Այդպես անցավ գարունը, այդպես անցավ ամառը, այդպես անցավ և աշունը։ Եկավ սաստիկ ձմեռը և թանձր ձյունը փակեց բոլոր ճանապարհները։ Մի քանի շաբաթ էր, որ հաղորդակցությունները դեպի ամեն կողմ կտրված էին։ Ծերունիները խոսում էին, թե մի այդպիսի ձմեռ իրանց կյանքում չէին տեսել։ Գյուղերում փողոցները ձյունով լցված էին։ Ձյունը բարձրացել էր մինչև կտուրները։ Հարևանները ձյունի տակից էին միմյանց տունը գնում։ Սովը այդ ժամանակ ավելի սաստկացավ։ Սովը մարդիկներից անցավ և վայրենի անասունների, և վայրենի թռչունների մեջ։ Ձյունը այնպես էր լցրել դար ու փոս, սար ու ձոր, որ բաց տեղ չէր մնացել։ Վայրենի անասունները, ճարակ չգտնելով, մոտեցել էին մարդկանց բնակարաններին։ Աղբյուրները, գետակները սառել էին։ Վայրենի բադերը, սագերը, մնացել էին ձյունի երեսին։ Մարդիկ հալած սառույցով էին զովացնում իրանց ծարավը։ Ամեն ոք մտածում էր, թե աշխարհի վերջը հասել է.— մտածում էր, թե երկինք, երկիր, մարդ, անասուն, բոլորը կսառչին և կկազմեն մի մեծ սառցային զանգված։

Ահա այդ ձմեռվա գիշերներից մեկում, Քոհնաշահարի մոտ, մեզ ծանոթ արաբական մինարեթում քարե հատակի վրա, կրակ էր վառվում։ Մի խումբ զինված մարդիկ, բոլորած կրակի շուրջը, տաքանում էին։ Իսկ մինարեթի դրսում, դռան մոտ, նրանց ձիաները գարի էին ուտում, գլուխներից քարշ ընկած տոպրակներից։

Գիշերը մթին էր։ Ձյունային տարափը այնպես ազատությամբ մաղվում էր երկնքից, որ մտածում էիր, թե մի քանի րոպեում ամբողջ երկիրը կծածկե, կանհետացնե թանձր խավի տակ։

Ձիաների մոտ, մեկը, փաթաթված յուր վերարկուի մեջ, կծկվել էր պատի տակին։ Նա անշարժ էր, որպես արձան, միայն շարժվում էր երբ թափ էր տալիս վերարկուն, որ յուր վրա հավաքված ձյունը մի կողմ թափվի, և դարձյալ ընդունում էր յուր անշարժ դիրքը։ Անշարժ էին և նրա աչքերը, կարծես, ցուրտը սառեցրած