Էջ:Raffi, Collected works, vol. 5 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/473

Այս էջը հաստատված է

աստիճան առ աստիճան իջնում էր մինչև ձորը։ Պարտեզում, այգեպանի սուր դանակը ձեռին, աշխատում էր մի մարդ։ Տարիների ալիքները դեռ նոր էին սկսել արծաթագրել նրա գլխի սև մազերը։ Իսկ թուխ դեմքի վրա դեռևս պահպանվել էր երիտասարդական աշխույժը։ Նա զգուշությամբ ճեղքում էր մատաղ տունկերի կեղևը, և ճեղքվածքի մեջ անկացնելով նորաբողբոջ շյուղեր, կապում էր փափուկ թելով։ Նրա մոտ կանգնած էր մի փոքրիկ աղջիկ, գարնանային թեթև հագուստով և հարդյա մեծ գլխարկով, որի լայն եզերքը հովանիի նման հասնում էին մինչև ուսերը։ Նա ձեռքում բռնած ուներ ջրով լի թիթեղյա մի թաս, որի մեջ լողում էին դալար բողբոջներ։ Առավոտյան զով օդը պայծառ—վարդագույն երանգով ներկել էր այդ գեղեցիկ հրեշտակի լիքը թշերը, որ կապած էին սպիտակ թաշկինակով։ Բայց այդ չէր արգելում նրան իր անվերջ շատախոսությամբ ավելի խանգարել հորը, քան թե օգնել նրան.

— Դրան ասում են պատուհա՞ս, հայրիկ։

— Պատվաստ,— ուղղեց հայրը։— Դու ե՞րբ պետք է սովորես այդ բառը, Աշխեն։

— Սովորեցա, հայրիկ,— պակուտաս— այդպես չէ՞։

— Հիմա ավելի փչացրիր։

— Ի՞նչ անեմ, լեզուս չէ բռնում։


— Մինչև այդ բառը ուղիղ չարտասանես, մայրիկին կասեմ, որ նախաճաշիկի ժամանակ քեզ քաղցր չտա։

Աշխենը մի քանի անգամ ևս զանազան ձևերով շուռ տվեց անտանելի բառը, բայց ոչ մեկը պատվաստ չդուրս եկավ։ Նա իր դժվար դրությունից ազատվելու համար՝ փոխեց խոսքը։

— Ինչո՞ւ ես կտրատում ճյուղերը, հայրիկ, ափսոս չէ՞։

Հայրը բացատրեց նրան պատվաստի նշանակությունը, ավեալցնելով.

— Եթե այդ ավելորդ, անպետք ճյուղերը չկտրատեմ, դու այն քաղցր հոտավետ խնձորները, որ ուտում ես ձմեռը, այլևս չես ուտի։

— Ե՞րբ խնձոր կտա, հայրիկ, ո՞վ է իմանում,— տասն տարուց հետո։

Ինչու՞ տասը տարուց հետո, կարելի է երեք կամ չորս տարուց հետո, զավակս։

— Բաս թող այդ մեկն էլ ես կապեմ։

— Հանգիստ կաց, Աշխեն, կփչացնես։