Էջ:Raffi, Collected works, vol. 5 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/482

Այս էջը հաստատված է

հայթայթվել էր կոպիտ ուժի և բռնաբարության մեջ։ Կարգը, արդարությունը զրկերին նրանց թե ապրուստից և թե կյանքից: Ուրիշի վաստակով ապրող հասարակությունը մեռավ, երբ նրան ստիպեցին իր հաշվով ապրել։ Եվ այսպես, այն գազանները որոնց բարբարոսությունները ոչ մի զորությամբ հնար չէր լինում զսպել, ընկճվեցան, տրորվեցան քաղաքակրթության երկաթյա պայմանների ներքո։ Սրի և արյան մրցության մեջ նրանք դիմացան, բայց կուլտուրական մրցությունը սպանեց նրանց: Նրանց մեծ մասը թողեց այդ երկիրը և գաղթեց որոնելու այնպիսի տեղեր, ուր հնարավոր կլիներ անկարգ անիշխանության մեջ դարձյալ անձնատուր լինել անզուսպ կամայականության։ Մնացածներից ավելի ազնիվ և ընդունակ ցեղերը սկսեցին ընտելանալ քաղաքակրթության հետ, իսկ վայրենիները դարձան բանվորներ այն հարևանների, որոնք կուլտուրայով ավելի զորեղ և բարձր էին իրանցից։ Որսորդի բոլոր հովիվները, ախոռատան ծառաները, անդաստանների մշակները քուրդեր էին:

Գ

Վան քաղաքի միևնույն առևտրական պանդոկի մեջ, միևնույն կրպակում, ուր մի ժամանակ թումաջի վաճառականություն էր անում մուսուլցի խոջա Թորոսը, այժմ ընդարձակ գրասեղանի ետևում նստած էր մի պարոն։ Այդ կրպակը նույնքան կերպարանափոխվել էր, որքան պարոնը, որ նստած էր այնտեղ։ Հին, ասիական կրպակը, մի եվրոպական առևտրական տան կատարյալ ձևն էր ստացել. հաշվապահը, գանձապահը, գրագիրները, գործակատարները, յուրաքանչյուրը իր որոշ տեղն ու պաշտոնն ուներ։ Վաճառքների տեսակները, քանակությունը, որակությունն անգամ փոխվել էր։ Փոխվել էր և պարոնը, որ նստած էր ընդարձակ գրասեղանի ետևում։ Երիտասարդական հասակում, նա այնքան խոշոր մարդ չէր, իսկ ծերությունը ավելի փոքրացրել էր նրան։ Մեծ, ընդարձակ գրասեղանի ետևից հազիվ երևում էր նրա կուրծքի վերին մասը, փոքրիկ գլխի հետ, որ պատած էր երկար, սպիտակ մազերով։ Այդ պատկառելի ալիքների միջից դուրս էր նայում մի մտասույզ դեմք, նեղ, անհանգիստ աչքերով, որ արտահայտում էին մի գործունյա մարդու անվաստակելի եռանդը։ Նա գործերի մեջ չէր խառնվում. գործը լարված մեքենայի նման, իր կարգով