Էջ:Raffi, Collected works, vol. 5 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/483

Այս էջը հաստատված է

էր առնում. միայն երբեմն դիմում էին նրան այս և այն հարցերով: Նա այդ առևտրական տան տերն էր և նրա կառավարիչը:

Նրա մոտ նստած էր մի այլ պարոն, ոտքից ցգլուխ սև հագուստի մեջ, ձեռքում պտտեցնում էր նույնպես սև, լայնեզրյա գլխարկը, որ երբեմն դնում էր գավազանի գլխին, փոքր֊ինչ հանգստանալու համար։ Այդ պարոնը նույնպես մոտեցել էր ծերության. մորուքի և գլխի մազերի մեջ սև գույները հազիվ էին նշմարվում։ Նրա խաղաղ դեմքը, երեխայի դեմքի նման, ամեն րոպե ժպտում էր, երբ փոքր ի շատե ուրախացուցիչ բան էր լսում: Ինչպես երևում էր, նա վաճառականի հին ծանոթն էր, և, Բաղեշից նոր եկած լինելով այդ քաղաքը, եկել էր նրան այցելություն անելու:

— Ներեցե՛ք, բարեկամ,— առաջ տարավ վաճառականը, տեղից վեր կենալով և կրկին խրվելով մեծ բազկաթոռի մեջ,— ահա ի՛մ հագուստը ոտքից ցգլուխ պատրաստված է տեղային գործվածքներից, ասացեք խնդրեմ` ինչո՞վ է վատ։ Իրավ է, եվրոպական գործվածքների նրբությունը չունին, բայց դրա փոխարեն ավելի դիմացկոտ են և էժան։ Եթե մեզանից յուրաքանչյուրը փոքր-ինչ զսպեր իրան պճնասիրությունից և բավականանար տեղային գործվածներով, այլևս մեր փողը Եվրոպան չէր տանի, մեր փողը մեր երկրում կմնար։

— Մի՞թե այնքան չէ ծախվում,—հարցրեց բաղեշցի նորեկը։

— Այժմ պետք է ասած, բավական սպառվում է,— պատասխանեց վաճառականը, ձեռքը դեպի ճակատը տանելով, կարծես նույն րոպեում կամենում էր հաշվել, արդյոք չէ՞ր սխալվում իր պատասխանի մեջ։ — Բայց գիտե՞ք, բարեկամ, թե ո՛րքան աշխատություն էր պետք, ո՛րքան զոհողություն էր պետք, մինչև ես կարողացա մեր հասարակությանը ընտելացնել մեր արդյունաբերության գործածության հետ։

Բաղեշցու դեմքի վրա փայլեց մի սրտագին ուրախություն:

— Դուք այն ասացեք,— հարցրեց նա,— արտահանություն դեպի օտար երկրներ լինո՞ւմ է։

— Ինչպես չէ։ Մեր գործվածները այժմ տանում են Պարսկաստան, Միջին Ասիայի զանազան կողմերը, այլև Անդրկովկասի զանազան քաղաքները։ Ահա, ես հասկանում եմ այսպիսի վաճառականությունը։ Մինչև այսօր, մենք իսկապես վաճառականներ չէինք, թեև մեզ վաճառական ազգ էին կոչում։ Մենք միայն միջնորդներ