Էջ:Raffi, Collected works, vol. 5 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/485

Այս էջը հաստատված է

— Երևի փողի համար եք եկել,— հարցրեց նրանից վաճառականը:

— Ապա ինչի՞ համար պետք է գայի, հեր օրհնած,— պատասխանեց նա և մոտեցավ գանձապահին։

— Այդ ծերունու դեմքը ինձ ծանոթ երևաց,— ասաց բաղեշցին նրա հեռանալուց հետո:

— Պետք է որ ծանոթ լինի...— պատասխանեց վաճառականը խորհրդավոր ձայնով:— Դա վարպետ Փանոսն է. առաջ ներկարարի մի հասարակ գործարան ուներ, իսկ այժմ այնքան կատարելագործել է, որ իմ գործվածները բոլորը այնտեղ են ներկվում:

Հաճախորդները հանգստություն չեն տալիս, մեկը դուրս էր գալիս, մի քանիսը մտնում էին: Գործողությունները իրանց կենդանի շարժման մեջն էին։ Ներս մտավ մի բարձրահասակ, հսկայատիպ պարոն, ալեխառն մորուքով, և հատակի տախտակամածը թնդաց նրա ամուր ոտքերի տակ։ Նա, առանց ոչ ոքին ողջունելու, կանգնեց սենյակի կենտրոնումը, աջ ձեռքը մեկնելով դեպի գլխավոր գործակատարը, իսկ թուխ երեսը դարձնելով դեպի կրպակատերը, գոչեց որոտալիք ձայնով։

— Ասացեք այդ պարոնին, եթե մյուս անգամ հակերը իր ժամանակին չհասցնի, ես բոլորը ծովը կնետեմ:

Նա առանց պատասխանի սպասելու, իսկույն դուրս գնաց:

— Ճանաչեցի՞ք դրան,— ասաց վաճառականը` դիմելով դեպի բաղեշցին։

— Ճանաչեցի...— պատասխանեց նա։— «Բերզեն֊Օղլին» է... Ավանց գյուղի նավաստին... Այդ մարդը մինչև վերջը մնաց անտաշ...

— Բայց շատ օրինավոր մարդ է, գիտեք, այժմ շոգենավի ընկերության գլխավոր նավապետն է։

— Գիտեմ: Ես նրա շոգենավով եկա Բաղեշից։

Վաճառականը խոսքը փոխեց հարցնելով.

— Ինձ այն ասացեք, ի՞նչ կա ձեզ մոտ, այնտեղ, Բաղեշում։

— Հետաքրքիր ոչինչ չկա, միայն խեղճ Հաջի-Իսաղը վախճանվեցավ։

— Մի՞թե, նա պետք է բավականին հարստություն թողած լինի։

— Ո՛չ այնքան, որքան կարծվում էր։ Վերջին ժամանակ նա շատ ծախսեց զանազան նպատակների համար... Իսկ ինչ որ մնացել էր, նրա մի մասը կտակել է, որ այն գումարով մի դպրոց