Էջ:Raffi, Collected works, vol. 5 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/488

Այս էջը հաստատված է

նստում էր դռան մոտի թամբի վրա և ամբողջ ժամերով լուռ նայում էր փողոցի միջով անցնող գետակին, կարծես նրա տխուր մրմունջների մեջ կամենում էր թաղել իր սրտի դառն կսկիծները։ Նա իր հասակից ավելի վաղ էր ծերացել, որպես այն մաշված տունը, որտեղից դուրս էր գալիս նա։ Նրա տխրամած դեմքի թուխ գծերի մեջ, նրա սև աչքերի մթության մեջ նշմարվում էին անմխիթար հոգու խորին վշտերը, որ թաքցրած էին նրա խորտակված վիրավորված կուրծքի մեջ։ Նրա սգավոր հայացքը այնպիսի տպավորություն էր գործում, որ այդ խղճալի կինը իր կյանքում երբեք երջանկության քաղցրությունը չէր ճաշակել. բախտը երբեմն ժպտել էր նրան, միայն հրապուրելու համար, որ մի նոր, ավելի դառն դժբախտության մեջ ձգե: Ոչ ոք նրան չէր մոտենում, ոչ ոքի հետ չէր խոսում նա։ Այնպես լուռ նստում էր թամբի վրա, լսում էր գետակի մրմունջը, լսում էր ծառերի վրա խոսող թռչունների ձայնը, և խորին կերպով հոգոց էր հանում։ Նրան մոտենում էին փողոցի երեխաները միայն։ Երբ նա հայտնվում էր թումբի վրա «Նենե՜ն, Նենեն» ձայն էին տալիս երեխաները և, ամեն կողմից վազելով, շրջապատում էին նրան։ Նենեն գրկում էր նրանց, խոսում էր նրանց հետ և բաժանում էր սև փողեր, որ տանեն իրանց համար ուտելու բան գնեն։ Երեխաները համբուրում էին նրա ոսկրացած ձեռքերը, համբուրում էին նրա նիհար ցամաքած երեսը և ուրախության աղաղակներով հեռանում էին։ Այդ դժբախտ կինը վշտացած, շա՜տ վշտացած էր հասակավոր մարդիկներից և իր մխիթարությունը գտնում էր միայն անմեղ երեխաների մեջ...

Ո՞վ էր այդ Նենեն։

Նա մի ամբողջ պատմություն ունի, որ «Խաչագողի հիշատակարանի» մեջ մեր ընթերցողներին հայտնի է։ Նա Մուրադի կինն էր։ Այդ տունը Մուրադի տունն էր:

Մուրադը գործեց և լավ գործեց, բայց իր բոլոր ընկերների մեջ նա միայն դժբախտ գտնվեցավ։ Զավակներ չունեցավ նա։ Ազգականները նրա հարստությունը ժառանգելու համար չսպասեցին նրա մահվանը, այլ շտապեցին վաղօրոք թունավորել նրան։ Նա մեռավ. անմխիթար սուդի մեջ թողնելով Նենեին, որը չէր դադարում ողբալ սիրելի ամուսնու անմոռանալի հիշատակը։

Այդ թշվառ այրին բոլորովին միայնակ, բոլորովին անջատված հասարակությունից, ապրում էր իր տանը թախծության մեջ։ Նա զգված էր կյանքից, զգված էր և մարդիկներից: Նրան կենակցում էր մի զառամյալ ծերունի միայն, որի աչքերը այլևս չէին