Էջ:Raffi, Collected works, vol. 5 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/490

Այս էջը հաստատված է

քանի մանուկներ զանազան հասակների, և բոլորի ուշադրությունը դարձրած էր ցույց աված տեղի վրա։ Նրանց հագուստից երևում էր, որ այդ մարդիկ ճանապարհորդներ էին, որ հենց նոր էին իջել կառքից, որ մի քանի քայլ հեռու, դեռ կանգնած էր ճանապարհի վրա։

Այդ այցելությունը կատարվում էր մեր ընթերցողներին ծանոթ Առաքելոց վանքի արտաքին պարսպի մոտ, այնտեղ, ուր մի անգամ ցույց տվինք Դավիթ Անհաղթի, Խորենացու, Ղազար Փարպեցու մոռացված շիրիմները։ Այդ շիրիմների թվում ավելացել էր մի այլ մոռացված գերեզման...

Այդ առանց տապանաքարի, առանց որևէ հիշատակարանի, լուռ և համր գերեզմանի մեջ հանգչում էր մեր ծանոթ «Համրը»։

Պարոնը վերջին անգամ նայեց գերեզմանի վրա, կամենում էր տիկնոջ հետ հեռանալ դեպի վանքը, բայց մանուկներից մեկը կանգնեցրեց նրան, հարցնելով.

— Հայրիկ, ա՞յդ է քո բարեկամի գերեզմանը, որի մասին ճանապարհին միշտ խոսում էիր մեզ հետ։

— Այդ է...— պատասխանեց հայրը տխուր ձայնով։

— Ախ ինչո՞ւ են այդպես թաղել...— հարցրեց մանուկը արտասվալի ձայնով:— Ո՞վ գիտե, նա երեխաներ չունե...

— Չունե...— ասաց հայրը։

Նրանք խոսում էին անգղիերեն։

Մանուկը դարձավ դեպի իր քույրը և եղբայրները.

— Անուշ, Խորեն, Տիգրան, հայրիկի բարեկամը երեխաներ չունե, գնանք ծաղիկներ հավաքենք նրա գերեզմանի համար։

Մանկահասակ խումբը վազեց դեպի շրջակա վայրերը։ Բարձրահասակ տիկինը, մայրական ջերմ գորովը աչքերում, նայում էր նրանը ետևից։

Ամառային այդ ժամանակի տապերը ծաղիկներ չէին թողել, խոտերն անգամ չորացել էին: Միայն այրված քարքարուտների մեջ վառվում էր դեղին գույնով և ծիրանեգույն «անթառամը», ժայռերի ծերսլերից աճել էր հոտավետ օշինդրը, սպիտակ թավիշի նման փափուկ տերևներով։ Տեղ—տեղ բուրում էր վայրենի կոտեմը իր սուր, կծու հոտով։ Մանուկները վրա ընկան քաղելու։ Սի քանի րոպեից հետո, երեք եղբայրները և մի քույրը, չորս կողմից բռնած բերեցին մի մեծ, ծանր պսակ, որ հյուսված էր անթառամ ծաղիկներից և զանազան վայրենի բույսերից, և դրեցին հայրիկի բարեկամի գերեզմանի վրա և փոքրիկ ձեռիկները