Էջ:Raffi, Collected works, vol. 5 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/491

Այս էջը հաստատված է

կուրծքի վրա փակած, նրանց ջերմեռանդ երեսիկները խփած աչքերով դարձան դեպի երկինքը... Այդ վսեմ հանդիսավոր րոպեն այնքան սրտաշարժ, այնքան սուրբ էր, որպես երեխայի մաքուր զգացմունքը։ Հայրը և մայրը թաշկինակները տարան դեպի իրանց աչքերը: Իր արտասուքը շկարողացավ զսպել և երիտասարդ Ռաշիդը, նա նույնպես սկսեց լալ։ Այդ սովորությունը ունեին մանուկներր, երբ Նյու-Յորքում ամեն շաբաթ այցելում էին իրանց մեծ քրոջ գերեզմանին, զարդարում էին ծաղիկներով և աղոթում էին այնտեղ:

Պարոնը դարձավ դեպի գերեզմանը ցույց տվող երիտասարդը, խնդրեց, որ իրան առաջնորդն, տանելու հանգուցյալի խուցը։

Հռչակավոր վանքը բոլորովին ամայի էր։ Մի ալևոր աբեղա միայն կանգնած էր բակում, կուտ էր ձգում հավերին, որ այդ միջոցին խմբված էին նրա շուրջը։

Տեսնելով նորեկներին մոտեցավ նա:

— Այդ ֆրանկները ինչո՞ւ են եկել,— մի կողմ տանելով, հարցրեց երիտասարդից։

— Ֆրանկներ չեն,— պատասխանեց երիտասարդը,— այդ պարոնը հայ է, ես նրան ճանաչում եմ... Դա այն մարդն է, որի համար մեռնելու ժամանակ լուսահոգին ասաց, թե երբ գալու լինի, իմ իրեղենները նրան հանձնեցեք։

— Ո՞րտեղից են գալիս։

— Ամերիկայից: Նրա տիկինը ամերիկացի է։

Պարոնը նայում էր դեպի իր շուրջը։ Շատ տարիներ առաջ տեսած փառավոր վանքը այժմ նրա վրա տխուր տպավորություն էր գործում։

— Ինչո՞ւ այդպես թշվառ դրության մեջ է այդ վանքը,— հարցրեց նա աբեղայից։

— Մի ժամանակ այդ վանքի սեղանատանը հարյուրավոր միաբաններ ճաշի էին նստում։ Հիմա ո՞վ է մնացել։— Ես, այդ հավերը, մեկ էլ այդ մարդը:— Նա ցույց տվեց երիտասարդին։— Վանքի բոլոր հողերը խլեցին, մեզ թողեցին առանց կտոր հացի։ Նստած, օրերով, ամիսներով նայում ենք դեպի դուռը, գուցե մի մոլորված ուխտավոր ներս կմտնե։ Այն էլ չկա։ Ուխտ էլ չեն գալիս։ Հավատն ու ջերմեռանդությունը պակասել է։ Եթե հազարից մի անգամ մեկը ներս է մտնում, տված արդյունքը այնքան էլ չի լինում, որ գոնե ապրել կարողանանք։

Գուցե վշտացած աբեղան դեռևս երկար կշարունակեր իր