Էջ:Raffi, Collected works, vol. 5 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/497

Այս էջը հաստատված է

ՐԱՖՖՈՒ «ԿԱՅԾԵՐ» ՎԵՊԸ

Ականավոր վիպասան, բանաստեղծ, տաղանդավոր հրապարակախոս և հմուտ պատմաբան Րաֆֆին (Հակոբ Մելիք-Հակոբյան) հայ բազմադարյան և հարուստ գրականության ու կուլտուրայի խոշորագույն դեմքերից է։ Րաֆֆին երկար ուղի է անցել։ Նրա գրական բեղմնավոր գործունեությունն ընդգրկում է 19-րդ դարի 50-80-ական թվականները։ Րաֆֆու գործերն առաջին անգամ տպագրվել են Մ․ Խրիմյանի «Արծվի Վասպուրականի» և Ս․ Նազարյանի «Հյուսիսափայլ» ամսագրերում՝ 1858-1860 թվականներին։ Սակայն Րաֆֆին գրել սկսել է դեռևս Թիֆլիսի գիմնազիայում սովորելու տարիներից: 1855 թվականին նա «պատրաստել» էր իր անդրանիկ վեպը՝ «Սալբին», չխոսելով արդեն բանաստեղծությունների մասին։

Գրական-ստեղծագործական աշխատանքը եղել է Րաֆֆու տարերքը և «կյանքի նպատակը»։ Պատահական չէ, որ Րաֆֆին իրեն բախտավոր էր համարում այն բանի համար, որ կյանքի անբարենպաստ պայմանները նրան զրկել էին հայրական հարստությունից և հնարավորություն էին ընձեռնել գործել հայրենի գրականության ասպարեզում ու հարստացնել այն։ «Ես դժբախտություն եմ ունեցել ծնվել հարուստ և ազնվական ծնողներից,—գրել է Րաֆֆին,—իմ հայրը Մելիք Միրզաբեկը Թիֆլիսի պարսկահպատակ վաճառականների թաջիրբաշի էր, միշտ հարգված արքունի խալաթներով և շքանշաններով։ Մեր ազնվականության տոհմային հրովարտակները իրենց բոլոր արտոնություններով նորոգվեցան պարսից ներկա շահի նոր շնորհված բարձրագույն ֆիրմանով։ Ես այդ բոլորին մի առանձին նշանակություն չեմ տալիս, ես ինձ այժմ բախտավոր եմ համարում, որ տխուր հանգամանքները ինձ ցած գլորեցին իմ բարձրությունից և ձգեցին այնպիսի ասպարեզի վրա, ուր կարող եմ գործել, աշխատել իմ ազգի աղքատ գրականությունը հարստացնելու համար»։

Րաֆֆին խորապես ըմբռնում էր գրականության վճռական դերը հայ ժողովրդին ազնիվ և վեհ գաղափարներով տոգորելու, նրա ազատատենչ ու հայրեսնասիրական