Էջ:Raffi, Collected works, vol. 5 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/498

Այս էջը հաստատված է

զգացմունքները խանդավառելու և պայքարի կորովը բարձրացնելու գործում։ Նա գտնում էր, որ ազգային գրականությունը «ամենակարևոր պաշտոն» է կատարում ազգի կյանքում։ Րաֆֆին այդպիսի բարձր կարծիքի էր գրականության դերի և նշանակության նկատմամբ։ Րաֆֆին վճռականորեն մերժում էր «մաքուր արվեստի» թեորիան։ «Մեր գործնական դարում այլևս չի պահանջվում գեղարվեստը միայն գեղարվեստի համար,— գրում էր վիպասանը,— այլ պահանջվում է գեղեցիկի մեջ գտնել և օգտավետը, և կենսականը»։ Նա լիովին հավատարիմ իր այդ ըմբռմանը, հմայված ու ոգեշնչված հայ մեծ լուսավորիչ, բոցաշունչ հայրենասեր Խաչատուր Աբովյանով և հատկապես ռևոլյոցիոն դեմոկրատ Միքայել Նալբանդյանով, գործեց եռանդագին և իր անխոնջ ու բեղմնավոր գործունեությամբ առաջնակարգ տեղ գրավեց հայ գրականության մեջ, որպես հայ ազգային-ազատագրական շարժման վիպասանության նահապետ։

Րաֆֆին իր մեծ տաղանդի ու բացառիկ աշխատասիրության շնորհիվ թողել է հարուստ և արժեքավոր ժառանգություն: Նրա լավագույն գործերը մտել են հայ գրականության ոսկե ֆոնդը և պահպանվում են որպես ժողովրդին պատկանող թանկագին գանձեր, անկապտելի սեփականություն։ Րաֆֆու փայլուն գրչին են պատկանում շուրջ 50 աշխատություն՝ «Փունջ», «Սալբի», «Խաչագողի հիշատակարանը», «Ոսկի աքաղաղ», «Զահրումար», «Կայծեր», «Ջալալեդդին», «Խենթը», «Դավիթ Բեկ», «Խամսայի մելիքությունները», «Սամվել», «Ղարիբ Մշեցին», «Խասփուշ», «Տաճկահայք» ն այլն։

Րաֆֆու ծանրակշիռ վաստակի մեջ հատուկ տեղ է գրավում «Կայծեր» մեծածավալ վեպը։ Սրանից ավելի քան 70 տարի առաջ, 1883 թվականին, Թիֆլիսում լույս տեսավ «Կայծեր»-ի առաջին հատորը, իսկ 1887 թվականին՝ երկրորդ հատորը և, որպես հետմահու հրատարակությունը, 1890 թվականին տպագրվեց վեպի «Վերջը», որը փաստորեն մի մասն է երրորդ հատորի, որ հեղինակից անկախ պատճառներով անավարտ մնաց։

«Կայծեր»-ը ստեղծագործելուն Րաֆֆին ձեռնամուխ է եղել անցյալ դարի 60-ական թվականներին, դեռևս այն ժամանակ, երբ նա ապրում էր Պարսկաստանում, իր ծննդավայր Փայաջուկ գյուղում։ Սակայն հեղինակը հետագայում ևս լրջորեն աշխատել է այդ վեպի վրա, համապատասխան փոփոխություններ է կատարել նրա մեջ, լրացրել և ավարտել է 70-ական թվականներին, նախքան 1877-78 թթ. ռուս-թուրքական պատերազմը, «Ջալալեդդինը» և «Խենթը» գրելուց առաջ։

Մեր այս եզրակացության համար հիմք են ծառայում Րաֆֆու ընկերոջ՝ Ավթանդիլյանի վկայությունը «Կայծեր»֊ի մասին, Րաֆֆու՝ 1879 թվականի դեկտեմբերին Ավթանդիլյանին դրած մի նամակը, և հեղինակի Փավստոս ստորագրությամբ Հայկունու դեմ դրած «Պարոն Հայկունու կրիտիկան և «Կայծեր»-ը» խորագրով հոդվածը: Րաֆֆին իր վերոհիշյալ նամակում գրել է. «Դուք արդեն «Մշակ»-ի մեջ կարդացած կլինեք, որ առաջիկա տարվանից կսկսվի տպվել իմ մի վեպը «Կայծեր» անունով։ Այստեղ և գավառներում զանազան պարոններ ստորագրություններ են հավաքում տպագրության համար։ Առաջին անգամն է, որ մեր հասարակությունը սկսում է համակրել և նպաստել գրականությանը։ Դա ուրախալի երևույթ է: «Կայծեր»-ը նույն աշխատությունն է, որի մի մասը դուք անձն առաք արտագրել, բայց վերջին ժամանակներում ես շատ փոփոխություններ արեցի»։