Էջ:Raffi, Collected works, vol. 5 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/510

Այս էջը հաստատված է

քան թե Եվրոպիո ապագան։ Հայերին մնում է վաղօրոք օգուտ քաղել յուրյանց դրությունից»<ref>Մ․ Նալբանդյան, Ընտիր երկեր, էջ 442, 1953։/ref>։

Պատմական երևույթների գնահատմանը պետք է մոտենալ պատմականության սկզբունքով, ուղեցույց ունենաք մարքսիզմ-լենինիզմի կլասիկների ասույթները անցյալ դարի 60—70-ական թվականների Ամերիկայի մասին, հանդես բերել պատմական մոտեցում։ Այդ է պահանջում գիտական բարեխղճությունը։

Չնայած այն հանգամանքին, որ Րաֆֆու «Կայծեր» վեպում և առհասարակ նրա ստեղծագործություններում խիստ ուժեղ ու բարձր է հնչում ազգային արժանապատվության ձայնը, բայց, այնուամենայնիվ, սովետահայ առանձին քննադատներ Րաֆֆուն կշտամբել են այն բանում, որ իբր թե, նա «Կայծեր»-ի մեջ ծաղրել է հայ ժողովրդի արժանապատվությունը, նկատի ունենալով Ասլանի նախատինքը հայ մատնիչների հասցեին։

Նախ և առաջ Րաֆֆին հայ ժողովրդին համարում է «քաջ» և «պատվական» ազգ և գովում է նրա ազգային նվիրական անուններին՝ Մեսրոպ Մաշտոցին, Խորենացուն, Եղիշեին, Նարեկացուն, Վարդան Մամիկոնյանին, Դավիթ-բեկին, Աբովյանին, Նալբանդյանին։ Նա իր անդրանիկ վեպը՝ «Սալբին», խոր ակնածանքով նվիրել է հայ մեծ ռևոլյուցիոն-դեմոկրատ Միքայել Նալբանդյանի «անմահ հիշատակին», և՛ իր «Խաչագողի հիշատակարանը», և՛ «Կայծեր» վեպերում հանձին Համրի հանդես է բերել Նալբանդյանին։

Րաֆֆին հատուկ ուժով ընդգծել է ազգային արժանապատվության բարձր նշանակությունը, առաջ քաշելով հետևյալ նշանաբանը. «Ինչ մարդ որ չէ ճանաչում և չէ սիրում յուր ազգայնությունը, նա վերջանում է մարդ լինելուց»։ Հայրենիքի անկախության, ազատության համար պայքարելը Րաֆֆին համարում է ամեն մի հայի «սրբազան ուխտը»։ Րաֆֆին հանդուրժել չի կարողանում ստոր, մատնիչ, դավաճան հայերին, ինչպիսին են տեր թոդիկները, քեռի պետրոսները, Թոմաս էֆենդիները, մերուժանները։ Րաֆֆին նրանց խարազանել է կիզիչ ատելությամբ։ Բնավ պատահական չէ, որ Րաֆֆին հոգու կսկիծով և բուռն զայրույթով արձանագրել է այն տխուր փաստը, որ ամենուր թափառող, շահամոլ վաճառականները երևան հանելով իրենց գծուծ էությունը և զուրկ լինելով ազգային արժանապատվությունից և հայրենասիրական զգացմունքներից, առիթ են տվել օտարազգիներին սխալ կարծիք կազմելու հայերի մասին։

Բողոքելով այդ երևույթի դեմ, Րաֆֆին գրել է. «Օտարազգին մեզ ճանաչում է վաճառականների երեսով, որոնք թափառում են երկրագնդի ամեն կողմերում, և մի քանի անհատների պատճառով վատ կարծիք է կազմվում ամբողջ ազգի մասին, մինչդեռ նրա մեծամասնությունը, որ բաղկացած է արհեստավորներից և երկրագործներից, խիստ բարի և բարոյական մարդիկ են»։

Րաֆֆին սովորեցրել է հանդուգն և խիզախ լինել օտար և հայրենի հարստահարիչների հանդեպ. «Պատիվ և իրավունք պաշտպանելը սուրբ բան է» նշանաբանը առաջադրելով։ Րաֆֆին խարազանելով մատնիչներին, դավաճաններին՝ «ընտանի օձերին», դրանով իսկ արտահայտել է խոր սեր և հարգանք իր ժողովրդի և Հայրենիքի նկատմամբ։ Անհեթեթ է այն պնդումը, թե քեռի պետրոսներին, տեր թոդիկներին, մերուժաններին ծաղրելը, նշանակում է «ծաղրել» հայ ժողովրդի արժանապատվությունը։