Էջ:Raffi, Collected works, vol. 5 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/513

Այս էջը հաստատված է

պատմությունն է, քաջ նախնիների և ամբողջ ժողովրդի դարավոր մաքառման և հատկապես թուրքական և պարսկական դաժան հարստահարիչների դեմ մղած հերոսական պատմության ջատագովությունը։ «Կայծեր»-ի մեջ հնչում է ազգերի իրավահավասարության ձայնը և շողում է հեղինակի հավատը ժողովուրդների լավ ապագայի և համերաշխ կյանքի նկատմամբ։

«Կայծեր»-ը գրելուց առաջ Րաֆֆին մի քանի անգամ եղել է արևմտյան Հայաստանում և անձամբ ուսումնասիրել է այն ամենը, ինչ նկարագրել է վեպում։ Այդ առթիվ Րաֆֆին գրել է. «Կայծեր»֊- ներկայացնում են որպես կատարյալ նկարագիր իր պատմական էտնոգրաֆիկական և աշխարհագրական ճշտություններով, որովհետև հեղինակը անձամբ ուսումնասիրել է բոլորը»։

«Կայծեր»-ում ռեալիզմն ու ռոմանտիզմը միահյուսված են։ Տիպական հանգամանքների դրսևորման մեջ, ինչպես նաև բացասական տիպերը կերտելիս վիպասանը ռեալիստ է, իսկ դրական կերպարներին բնութագրելիս ու կյանքի հեռանկարները գծելիս նա առավելապես դիմում է ստեղծագործական ռոմանտիզմին։

Դիմակներ պատռող ռեալիզմը բարձր աստիճանի վրա է դրված այս վեպում։ Դրա լավագույն ապացույցներն են ռեալիստական այնպիսի տիպերի առկայությունը, ինչպիսիք են՝ Տեր Թոդիկը, քեռի Պետրոսը, Սիմոն Պատվելին, Կարապետ վանահայրը, վանի առաջնորդը (Պողոս վարդապետը, որի դեմ Նալբանդյանը գրել է․ «Հրաշափառ խայտառակություն» հոդվածը)։ Բացասական ռեալիստական տիպերի շարքին պետք է ավելացնել Վանի նահանգապետ փաշային, քուրդ իշխան Շարման բեկին, վաճառականներ Թորոսին, Հակոյին, Մկոյին և այլն։

Տեր Թոդիկի տիպը և նրա դպրոցի նկարագիրը Րաֆֆու ռեալիզմի և տիպական արվեստի ամենաբարձր արտահայտություններից մեկն է, գրական վարպետության փայլուն օրինակ, բացառիկ գյուտ։

Առանձնապես պետք է շեշտել, «Կայծեր»-ի գրական տիպերի լիովին հաջողված լինելը, մանավանդ նրանցից մի քանիսի — Համրի, Ֆարհատի, Ասլանի, Կարոյի, Սագոյի, էլ չենք խոսում «երկրորդական» տիպերի մասին, ինչպիսիք են Հասոն, Սոնան, Մարոն և այլն։

«Կայծեր»-ում Րաֆֆին փայլում է իր երգիծական տաղանդով, բայց պետք է նկատել, որ մինչև այսօր մեր գրականության պատմագիրներն ու քննադատները բնավ ուշադրություն չեն դարձրել Րաֆֆու երգիծական տաղանդի վրա։ Րաֆֆու երգիծանքի մեջ գերակշռում է սատիրան և այն ուղղված է շահագործող խավերի դեմ։ Րաֆֆին «Կայծեր»-ում կերտել է բազմաթիվ երգիծական տիպեր։ Դրանցից են Տեր Թոդիկը, Սիմոն Պատվելին, Վանի առաջնորդ Պողոսը, նահանգապետ փաշան, Իսագը, վաճառականներ Թորոսը, Հակոն, Մկոն։

«Կայծեր»-ը ունի վիպական բարդ և առանձնահատուկ կառուցվածք։ Նախ, որպես վեպ, այն արդիական քաղաքական-սոցիալական վեպ է, որի մեջ առկա են պատմական վեպի և հրապարակախոսության ուժեղ տարրեր։ Թեմատիկ և սյուժետային տեսակետից ևս նա զանազանվում է սովորական վեպերից։ Արդիական, պատմական, հայրենասիրական սիրային թեմաները միաձուլված են իրար հետ։ «Կայծեր»-ում հորդաբուխ են հեղինակի հույզերն ու մտորումները, ուստի և վեպի սովորական հունը նեղ է եղել մտքի և զգացմունքների այն հեղեղի առջև, որով տոգորված է եղել հեղինակը։ Դրա համար էլ նա Աբովյանի նման զեղումներ է ունեցել, շեղումներ է կատարել։ «Կայծեր»-ում վիպասան Րաֆֆուց անբաժան են հասարակական գործիչը, հրապարակախոսը, պատմաբանը։ Ակնարկը,