Էջ:Raffi, Collected works, vol. 5 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/522

Այս էջը հաստատված է

մի առիթով խոստովանում է նաև հեղինակը «բոլորի գործերը և նրանց գործունեության վախճանը եթե լրիվ գրեինք,֊ ասված է «Կայծերի վերջ»-ում,— պետք է մի երրորդ հատոր ևս ավելացնեինք»։

«Կայծեր»-ի շարունակությունը (երրորդ հատորը) Րաֆֆին գրել է թե ոչ, առայժմ հնարավոր չէ պարզել։ Կան զանազան փաստեր, որոնք հաստատում են հեղինակի մտադրությունը և պահպանվել է մի հատված, որը ամենայն հավանականությամբ մի պատառիկ է վեպի երրորդ հատորից։ «Կայծեր»-ի առաջին հատորի վերաբերյալ եղած բանավեճում Հայկունին գրում է, որ Րաֆֆու հերոսները վեպի շարունակության մեջ իրենց դաշնակիցներով «պետք է հարձակվեն Վանա բերդի վրա և նրան պետք է տիրեն» (տե՛ս, «Մեղու Հայաստանի», 1883 թ., № 31)։ Իր պատասխանում Րաֆֆին Հայկունու ասածը համարում է «չար հոգու» արտահայտություն և շտապում է հերքել, որ «Կայծեր»-ում նման «վնասակար գաղափարներ» գոյություն չունեն։ Հայկունու մատնությանը եթե ավելացնենք «Հայդուկներ»-ի առաջաբանում արտահայտած մտքերը, ապա կարելի է պնդել, որ Րաֆֆին իրոք մտադրություն է ունեցել վեպի շարունակության մեջ նկարագրել հիշյալ գործողությունները և այդ բովանդակությունը հայտնի է եղել որոշ շրջաններում։ Իսկ Հայկունուն տված պատասխանը և նամակներում բերված գանգատները գրաքննիչի հարուցած խոչընդոտների մասին, իրենց մեջ պարունակում են այն բոլոր բարդությունները, որոնք կարող էին կաշկանդել Րաֆֆուն «Կայծեր»-ի երրորդ հատորը հրապարակելու գործում։ Եթե սրա հետ մեկտեղ նկատի ունենանք այն հատուկ հսկողությունը, որ կառավարությունը կիրառում էր «Հայկական հարցով» զբաղվող մտավորականության հանդեպ, ապա միանգամայն պարզ կլինի, թե ինչու է «Կայծեր»֊ը մնացել անավարտ: Բացի վերոհիշյալից, «Կայծեր»-ի անավարտ մնալու վերաբերյալ նույն բանն ակնարկող գրառումներ կան նաև ժամանակակիցների մոտ: Ավթանդիլյանը ափսոսանքով է արձանագրում, որ «Կայծեր»-ի երրորդ հատորը հեղինակից անկախ` կարճ ու պռատ դուրս եկավ»: Մոտավորապես նույն միտքն է հայտնում նաև Արծրունին. «Րաֆֆու ոչ «Խենթը» և ոչ էլ «Կայծեր»-ը,— գրում է նա,— այս կամ այն հանգամանքի շնորհիվ լրիվ չեն տպագրված» (տե՛ս, «Մշակ», 1889 թ., № 19)։

«Կայծեր»֊ի երրորդ հատորից մեզ հայտնի միակ պատառիկը հանդիսանում է «Ամրոցի աղջիկը» գլուխը (տե՛ս, այս գրքում էջ՝ 475) Այստեղ նկարագրված գործողությունները իրոք որ համապատասխանում են այն ծրագրին, որը Րաֆֆին նախագծել էր «Հայդուկներ»֊ի առաջաբանում։ Թե ինչպիսի ծավալ պետք է ունենար երրորդ հատորը և կամ այն ամբողջովին գրվել է թե ոչ` մեզ անհայտ է, սակայն մի բան պարզ է, որ առանց երրորդ հատորի, վեպը չի կարող ավարտված համարվել: Երրորդ հատորի անտեսումը անտրամաբանական է դարձնում նաև «Կայծերի վերջ»-ում ցուցադրված կյանքը: Մինչդեռ այն ինչ նկարագրված է «վերջ»-ում, հեղինակի համար ցանկալի հետևանք է, որը կարող է ձեռք բերվել «Կայծեր»-ի շարունակությունում ծավալվող գործողությունների միջոցով:

«Կայծեր»-ի տպագրության առաջին փորձը Րաֆֆին կատարում է 1878 թվականի աշնանը: Ձեռնարկելով այս գործը` նա նպատակ ուներ վեպի երկու հատորները ամփոփել մի գրքի մեջ:

«Մշակ»-ի նույն տարվա նոյեմբերի 10-ին 194-րդ համարում կարդալով, որ Արծրունին ցանկանում է 1000 ռուրլու մրցանակ բաժանել իր ընթերցողներին, Րաֆֆին Ագուլիսից մի նամակով առաջարկում է այդ գումարով տպագրել «Կայծեր»֊ը և տարեվերջին տալ «Մշակ»֊ի բաժանորդներին: