Էջ:Raffi, Collected works, vol. 5 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/524

Այս էջը հաստատված է

գրաքննիչին՝ տպագրության թույլտվություն ստանալու համար: Թեև վերջինս տալիս է այդ իրավունքը, բայց ձգձգում է և հարուցում մեծ դժվարություներ։

Այս միջոցում Րաֆֆին ընթերցողներից բազմաթիվ նամակներ է ստանում, որոնք անընդհատ հարցումներ են անում վեպի հրատարակությանն ուշանալու պատճառների մասին։ 1882 թվականի ապրիլի 27-ին Րաֆֆին ստիպված է լինում հրապարակով պատասխանել իր ընթերցողներին. «Շատերը անհամբերությամբ հարցնում են, թե ինչո՞ւ է հետաձգվում «Կայծեր»-ի տպագրությունը,— գրում է նա «Մշակ»-ի 73-րդ համարում,— արդյոք այդ վեպը տպագրվելու է, թե ոչ։ Բայց «Կայծեր»-ի տպագրությունը մինչև այսօր ուշանալու պատճառը ոչ իմ ծուլությունն է եղել և ոչ էլ մի այլ նպատակ...»: Րաֆֆին ակնարկում է այնպիսի պատճառներ, որոնց մասին նա չի կարող հրապարակով խոսել։ Բացի դրանից, սակավաթիվ բաժանորդներից գոյացած գումարը թղթի ծախքին անգամ չի բավականացնում։ Այնուամենայնիվ, իր բաժանորդներին երկար սպասել չտալու համար Րաֆֆին որոշում է շտապով տպագրել «Կայծեր»-ը, իսկ ծախսերի պակասը լրացնել պարտքով։ Ահա այս պարտքերից «Կայծեր»-ի տպագրության թղթի դիմաց թղթավաճառ Տեր-Սարգսյանին տալիք գումարի առթիվ վերջինիս Րաֆֆու հետ սարքված միջադեպի մասին է, որ մանրամասն կերպով պատմում է Շիրվանզադեն իր «Կյանքի բովից» աշխատության մեջ։

1879 թվականի դեկտեմբերի 10-ին սկսած «Կայծեր»-ի առաջին հատորի տպագրության գործը 1883 թվականի փետրվարին հեղինակի բազմապիսի մաքառումներից հետո վերջապես հաջողվում է: «Կայծեր»-ի վերջին թերթերը այսօր կտպվի,— գրում է Րաֆֆին 1883 թվականի փետրվարի 1-ին իր մոսկովյան բարեկամ Մ. Փանյանին,— աստված գիտե այստեղի տպարաններին, մինչև ներկա ամսի 15-ը գիրքը պատրաստ կլինի» (տե՛ս Րաֆֆի «Երկերի ժողովածու», հտ. 10, Երևան, 1959 թ., էջ 588)։

«Մշակ»-ում տպագրված մի հայտարարությունից պարզվում է, որ գնդապետ Ալեքսանդր բեկ Մելիք-Հայկազյանը խոստանում է իր ծախսով տպագրել «Դավիթ Բեկ»-ի երկրորդ հրատարակությունը։ Օգտվելով այս առիթից, Րաֆֆին հիշյալ գումարը տրամադրում է «Կայծեր»-ի տպագրությանը։ Նկատի ունենալով այս, հեղինակը մի ընծայականով գիրքը նվիրում է Ալեքսանդր Թովմասյան Մելիք-Հայկազյանին: Նույն թվականի փետրվարի 18-ին վեպն արդեն հասնում է ընթերցողներին։ Հրատարակվելուց անմիջապես հետո Րաֆֆին 70 օրինակ ուղարկում է Մոսկվա՝ բաժանորդներին։ Առընթեր դրան, նա նվեր է ուղարկում նաև Մկրտիչ Էմինին, Սմբատ Շահազիզին, Աբելյանին և այլոց։ Այդ գրքերից մեկը «Մեծապատիվ պարոն Մկրտիչ Էմինին նվեր հեղինակից» մակագրությամբ պահվում է Երևանի Ալ. Մյասնիկյանի անվան գրադարանի հազվագյուտ գրականության ֆոնդում։

«Կայծեր»-ի տպագրվելը և լայն ժողովրդականություն ստանալը վերստին բորբոքում է հայ կղերի մոլի պաշտպան Հայկունուն, և նա մեծ եռանդով սկսում է հայհոյանքներով ողողել «Մեղու Հայաստանի» լրագրի էջերը (տե՛ս «Մեղու Հայաստանի», 1883 թ., N N 31, 32, 33, 34, 35, 36, 37 և 39) (57):

Րաֆֆուն համարելով Չերնիշսկու և Նալբանդյանի հետևորդը, նա ցանկանում է «ժանդամերիայի վարչությանը» հավաքագրել Րաֆֆու դեմ: Հայկունու ակնարկով արած մատնությունը անհետևանք չի անցնում. 1883 թվականի մայիսին ոստիկանությունը խուզարկում է ինչպես «Մշակ»-ի խմբագրությունը, այնպես էլ Րաֆֆու բնակարանը և տնային կալանքի ենթարկում վերջինիս: Րաֆֆին ժամանակավորապես