Էջ:Raffi, Collected works, vol. 5 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/65

Այս էջը հաստատված է

Ասլանը ժպտաց թուրք հնագետի միամտության վրա: Նրա ցույց տված հորը ուրիշ ոչինչ չէր, եթե ոչ այն հին, ստորերկրյա անցքերից մեկը, որ մի ժամանակ ծառայել է կամ որպես փաուստի ճանապարհ, կամ հաղորդակցություն է ունեցել ուրիշ ամրությունների հետ, որոնք շատ հեռու չեն բերդից: Այս տեսակ հորեր շատ էին երևում: Կարծես քարափի մթին խորքերում մի հսկայական մրջնանոց լիներ իր բազմաթիվ խորշերով և իր բազաթիվ խոռոչներով, ուր մարդիկ երբեմն գործել են։ Բայց իմ ուշադրությունը գրավեցին երեսունից ավելի մեծ և փոքր այրեր ու ընդարձակ քարանձավներ, որոնք նույնպես փորված էին քարափի մեջ, որոնց մի քանիսի մեջ մենք կարողացանք ներս մտնել: Նրանց վրա երևում էր ժամանակի արհեստն ու ճարտարությունը, և շատերը նրանցից զարդարած էին սեպաձև արձանագրություններով։

— Ավանդությունը,— ասաց Ասլանը,— այս բերդը և այս այրերը Շամիրամին են ընծայում, որպես թե, նինվեացի թագուհու գանձատունը, մթերանոցները, պահեստի տեղերը և բաղանիքները լինեին։ Իսկ այդ բոլորը ավելի հին է, քան թե Շամիրամը, թեև մեր ծերունի Խորենացին հնագիտական միամտությամբ նույնպես նրան է ընծայում։

— Ի՞նչ է ասում Խորենացին,— հարցրի ես խորին հետաքրքրությամբ։

Կարծես Ասլանը Խորենացու գիրքը այնպես սերտած լիներ, որ որպես ես Սաղմոսը, նա անգիր կարդաց պատմությունից այն տեղը, որ այդ բերդին էր վերաբերում, հետո աշխարհաբար թարգմանեց ինձ.

— «Իսկ անձավի արևահայաց կողմը, այնպիսի նյութի կարծրության մեջ, ուր մեկը այժմ և ոչ մի գիծ երկաթով փորել կարող է (Շամիրամը), պես-պես տաճարներ, օթևանների սենյակներ, գանձերի տներ և երկար այրեր հրաշակերտեց, հայտնի չէ ի՛նչ բաների պատրաստության համար։ Բայց քարի ամբողջ երեսի վրա, որպես գրիչով մոմը հարթելով, շատ գրեր արձանագրեց, որոնց վրա նայելն միայն զարմանք է բերում»։

Ո՛րքան ուղիղ էր Խորենացու կարծիքը, ես այդ դատել չէի կարող, միայն տեսնում էի, որ նրա ասածները բոլորը կային։ Բայց Ասլանը ասում էր, թե այս ամենը այն ամենահին ժամանակներից են մնացել, երբ մարդիկ տուներ չէին շինում, երբ նրանք այրերի մեջ էին բնակվում: Այդ իմ խելքին նստում էր,