Էջ:Raffi, Collected works, vol. 5 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/78

Այս էջը հաստատված է

Ես կանգնած նայում էի և զարմանում էի Ասլանի համբերության վրա։ Եթե ես նրա տեղը լինեի, երեքին էլ դուրս կվռնդեի, բայց ամենևին ցույց չէր տալիս, որ այդ խաբեբայություները իր համար շատ զզվելի են։ Վերջապես նա ընտրեց մի քանի իրեղեններ և խնդրեց, որ գնահատեն։

— Մենք քեզանից մի՞թե փող պիտի առնենք, հարգելի բժշկապետ,— պատասխանեցին նրանք զարմացած կերպով։— Եթե փողի վրա խոսելու լինենք, դրանք գին չունեն։

— Ապա ի՞նչպես պետք է տաք,— հարցրեց Ասլանը ոչ սակավ զարմանալով։

— Այնպես, համեցեք, վեր առեք, հարգելի բժշկապետ։ Մեզանից ի՞նչ կպակսի, եթե ձեզ այդ բոլորը փեշքեշ անենք, և դուք մեր երկրից մի լավ հիշատակ տանեք ձեզ հետ։

— Շնորհակալ եմ, ես էլ գիտեմ, որ ձեզ ոչինչ չի պակասի, երևում է, որ դուք շատ հարուստ եք, բայց ես փեշքեշներ ընդունելու սովորություն չունեմ։

Ասիական վաճառականների սովորությունն է այդ, երբ մի բան գնելու լինես, նախ կասե— «տար, փող մի տուր, թող քեզ ընծա լինի»։ Իսկ երբ փող առաջարկես, սարսափելի գներ կպահանջեն։ Նույնպես վարվեցան և մեր հայ վաճառականները։

— Չե՞ք հավատում, հարգելի բժշկապետ,— ասում էր մահտեսի Թորոսը,— եթե չեք հավատում, հարցրեք խնամի Մկոյից, նա իր աչքով տեսավ, որ մի ընկլիս այդ ցուլի գլխին հիսուն կարմիր ոսկի տվեց, բայց ես չտվեցի։ Այդպես չէ՞, խնամի Մկո։

— Հոգիս վկա, ճշմարիտ է ասում,— պատասխանեց խնամի Մկոն, ձեռքը տանելով դեպի կուրծքը և դնելով իր հոգու վրա։

Բայց որքան պետք էր հավատալ խնամի Մկոյի հոգուն, որը այդպիսի երդումների մեջ այնքան շատ էր գործածվել, որ բոլորովին մաշվել էր։ Միայն ծիծաղելին այն էր, երբ Ասլանը վեր առեց մի քանի իրեղեններ, որոնք խնամի Մկոյին էին պատկանում, դա էլ իր կողմից վկա կանչեց մահտեսի Թորոսին, որ նա իր աչքով տեսել էր և իր ականջով լսել էր, որ մի ֆրանկ ահագին գումարներ էր առաջարկել, բայց նա չէր ընդունել։

— Թող Երուսաղեմի սուրբ տաճարի մեջ իմ տեսած լույսը աչքերս կուրացնե, թող ես Քրիստոսի մեխ խփողներից մեկը լինեմ,— եթե սուտ լինեմ ասում,— պատասխանեց մահտեսի Թորոսը,— ֆրանկը ահագին գումարներ առաջարկեց, բայց նա չընդունեց։