Էջ:Raffi, Collected works, vol. 5 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/88

Այս էջը հաստատված է

մի քանի նշանավոր գյուտեր անել, որ մեր բժշկության մեջ բոլորովին անծանոթ են:

Ասլանը սուտ չէր խոսում. նա, իրավ, հետաքրքրվում էր ժողովրդական բժշկությամբ և նրա գրքերով, բայց այդ չէր նրա ճանապարհորդության իսկական նպատակը: Հանգամանքներից օգուտ քաղելու զարմանալի ընդունակություն ուներ այդ մարդը, և ավելի զարմանալի էր նրա մեջ այն ճարպկությունը, որ իր ցանկացած նպատակը հենց իր հակառակորդի ձեռքով կատարել կտար: Օրինակ, նա պետք է գնար Վարագա վանքը, և ինձ լավ հայտնի էր, թե ինչ նպատակով: Նրա այցելությունը այդ վանքին` կարող էր մեծ կասկած հարուցանել սրբազանի սրտում, որովհետև, ինչպես հետո կտեսնենք, նա Վարագա վրա շատ վատ աչքով էր նայում: Այժմ Ասլանը այնպես պտտացրեց գործը, որ ինքը սրբազանը նրան թուղթ տվեց Վարագ գնալու, թեև ես հավատացած էի, որ Վարագա գրադարանը նրան շատ չէր հետաքրքրում:

– Ես կցանկանայի տեսնել նաև մի տեսակ աղ, որ պատրաստվում է Վանում, – ասաց նա:

– Այդ աղը պատրաստվում է Ավան գյուղում, – պատասխանեց սրբազանը, – այստեղից շատ հեռու չէ գյուղը, ընդամենը մի քանի ժամվա ճանապարհ է: Պատրաստում են ծովի ջրից, «բորակ» է կոչվում, այստեղ գործ են ածում լվացքի մեջ, մաքրելու զարմանալի զորություն ունի:

– Նա բորակ չէ, – ասաց Ասլանը, – անկասկած մի այլ բաղադրություն պետք է լինի: Եթե իմ կարծած աղից լինի, որի մեջ տարակույս չունեմ, կարելի է հուսալ, որ այդ աղը ժամանակով կդառնա վանեցոց հարստության գլխավոր աղբյուրներից մեկը:

– Հարստություններ շատ կան մեր երկրում, պարոն բժշկապետ, – ասաց սրբազանը ցավակցական եղանակով, – մեր հանքերը լի են արծաթով, զառիկով, պղինձով, մենք ունենք նավթի աղբյուրներ, առատ քարածուխ ևս գտնվում է մեր լեռներում, ուրիշ ի՜նչեր չունենք մենք, բայց օգուտ քաղողներ չկան: Եթե ձեզ նման ճանապարհորդներ հաճախ այցելեին մեր կողմերում և ուսումնասիրեին երկիրը, մենք բախտավոր կլինեինք:

– Այդ իրավ է, – ասաց Ասլանը և, նայելով ժամացույցին, ավելացրեց, – ներեցեք, սրբազան հայր, ես բավական ժամանակ խլեցի ձեզանից: Ճանապարհորդները առհասարակ սաստիկ շատախոս են լինում, բայց ես չափը անցա: Ձեր հաղորդած տեղեկությունները