Էջ:Raffi, Collected works, vol. 5 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/90

Այս էջը հաստատված է

քնելու ժամանակ։ Որովհետև աբեղաները ղրկված են տիրուհիներից, հնարել են մի այսպիսի գործիք իրանց մեջքը քորելու։

— Շատ սուր կատակ է աբեղաների կողմից,— խոսեց Ասլանը ժպտելով։— Ասացեք խնդրեմ, ո՞ր դարու գործ է այդ «տիրուհին»։

— Պետք է տասներկուերորդ դարու գործ լինի, որովհետև այն կաթողիկոսը, որին ընծայված է եղել այդ «տիրուհին», ապրում էր տասներկուերորդ դարում— դա Դավիթն էր, որ Աղթամարա կաթողիկոսության սկիզբը դրեց։

Ասլանը փոքր-ինչ դժվարություն ցույց տալով, կարդաց հետևյալ մակագրությունը։

«Ի վայելումն Դաւթի Աղթամարայ սրբազնասուրբ կաթողիկոսի»։ «Ի Հնդիկս»։— Ուրեմն Հնդկաստանի գործ է, երևում է, հայերը դեռ տասներկուերորդ դարում Հնդկաստանում գաղթականություն են ունեցել։

— Այդ չգիտեմ,— պատասխանեց սրբազանը։

— Ասացեք խնդրեմ, այս տեսակ «տիրուհիներ» մինչև այսօր գո՞րծ են ածվում ձեր վանքերում։

— Այո՛, գործ են ածվում, մանավանդ այն վանքերում, ուր բոլորովին փակված կյանք են վարում։

— Հիանալի գեղարվեստ կա դրա մեջ,— ասաց Ասլանը իսկապես հրճվելով,— այդ «տիրուհին» կարող է Եվրոպայի ամենանշանավոր մուզեումներից մեկի զարդը լինել, բայց ես ինձ մոտ կպահեմ, իբրև թանկագին հիշատակ։ Ուրեմն թույլ տվեցեք, սրրբազան հայր, իմ կողմից ևս ձեզ մոտ մի փոքրիկ հիշատակ թողնել։

Ասլանը նայեց իմ երեսին, ես մոտեցա և քթախոտի փղոսկրյա տուփը, որ պահված էր գեղեցիկ պատյանի մեջ, դրեցի նրա առջև: Նա վեր առեց և տվեց սրբազանին, որը շնորհակալությամբ ընդունելով, ասաց.

— Որքան անգամ այդ տուփը ձեռքս առնելու լինեմ, ձեր անունը օրհնությամբ կհիշվի իմ բերանում, պարոն բժշկապետ։

Ասլանը այլևս երկար չնստեց, երբ քարտուղարը պատրաստած թուղթը ներս բերեց։ Սրբազանը կնիքը դրեց և ստորագրեց թուղթը, հետո իր ձեռքով տվեց Ասլանին։ Նա շնորհակալությամբ ընդունեց թուղթը, և «տիրուհին» առնելով, վեր կացավ։ Երբ սրրբազանի աջը սեղմելով կամենում էր հեռանալ, նա կանգնեցրեց, ասելով.

— Կիրակի գիշեր ինձ մոտ հյուրեր կլինեն, որոնց թվում կլինի