Էջ:Raffi, Collected works, vol. 5 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/92

Այս էջը հաստատված է

որ անշարժ նստած գետնի վրա, անխորհուրդ կերպով նայում էին անցուդարձ անողների վրա։ Նրանց մոտ ուրիշ ոչինչ չկար, բացի անբաժան չիբուխից, որ դրած էր նրանց կշտին։ Այդ անգործ, ծույլ, աննպատակ մարդիկը ժամերով այդպես անշարժ կնստեն և կնայեն, ինչի՞ համար, իրանք ևս չգիտեն։ Եվրոպացու երևույթը խռովում էր և նրանց հանգստությունը. նրանք ևս ոտքի էին կանգնում, խոնարհությամբ գլուխ էին տալիս, և երբ մենք անցնում էինք, դարձյալ նստում էին ու նայում։

Մեզ պատահեց քուրդի քարավան։ Դա հիշեցնում էր հովիվ ժողովրդի այն խորին, նախնական դրությունը, երբ բլոր չորքոտանիներից ընտանիացրել էր նա կովին ու եզին միայն։ Քարավանի ամբողջ գրաստները եղներ էին։ Քուրդը նրանց վրա բարձել էր այն մթերքները, որ դնել էր քաղաքից, նրանց վրա նստացրել էր և իր կնոջը, մի երեխա գրկումը, մեկն էլ ետևում, մոր մեջքին կպած։ Քարավանը դիմում էր դեպի նավահանգիստը։ Առանց սանձի, առանց համետի, հլու և հնազանդ անասունները, դանդաղկոտ քայլերով, տանում էին իրանց ծանրությունները։ Մտրակի կարոտ չէին նրանք, նրանց կառավարում էր տիրոջ ձայնը: Ճանապարհի ամբողջ լայնությունը, երկար տարածության վրա, լցված էր այդ խառնիճաղանջ բազմությամբ: Բայց երբ մենք մոտեցանք, քարավանը իսկույն երկու մասն բաժանվեցավ, մեզ ճանապարհ տվին, մենք մեջտեղից անցանք։ Եվրոպացուն հանդիպելը գռեհիկ քուրդի մեջ անգամ մեծարանք էր ազդում։

Իսքալե-Կափուսից անցնելով, շուտով մենք հասանք այն նշանավոր տեղը, ուր ճանապարհի մի կողմում, մենք տեսանք ահագին մեծահատոր քարեր, որ կարծես հսկաների ձեռքով շարված լինեին միմյանց վրա։ Քարերի ծերպերից վազում էին պարզ, սառն աղբյուրներ, և մամուռը իր կանաչ թավիշով պատել էր հին արհեստագործության հրեշավոր կերպարանքը։

Վանեցի հայերի ավանդությունը հիշյալ քարերի մասին հրաշքներ է պատմում, դրանց վերաբերում է այն ժամանակներին, երբ մարդիկ այժմյան նման փոքրիկներ չէին, այլ հսկաներ էին։ Նրանք պատերազմում էին դևերի և վիշապների հետ, և ահագին քարաժայռը, թեթև գնդակի նման, նետում էին դեպի թշնամին։ Հիշյալ քարերի կառուցումը և նրանց շինվածքը տղամարդի գործ չէ, ասում է վանեցին, այլ այն ժամանակի տկար կնոջ ձեռքի գործն է։ Մայրը տվել է այն ահագին քարերը աղջկան, և աղջիկը մոր ձեռքից առնելով, շարել է միմյանց վրա։