Էջ:Raffi, Collected works, vol. 5 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/98

Այս էջը հաստատված է

— Ինչո՞ւ եք զարմանում, վանեցին ո՞ւր չէ գնում, աշխարհքի բոլոր անկյուններում կարելի է տեսնել նրան։ Մեկը Հնդկաստանում տեսել էր մի կաղ վանեցի և ծիծաղելով ասել էր. «Եթե վանեցու կաղը մինչև Հնդկաստան է հասել, ոտներ ունեցողը Չինաստանից էլ կանցնի»։— Այդպես է մեր վիճակը։

Վաղ առավոտյան դուրս գալով Այգեստանից, մենք մի թեթև նախաճաշիկ էինք արել։ Ասլանը թեև ուտելու ցանկություն չուներ, բայց ես մի առանձին ախորժակով էի նայում սեղանի վրա, որ մանկահասակ աղջիկը սկսել էր պատրաստել։ Դա, որպես երևում էր, մեր հյուրընկալի դուստրն էր. բայց ո՞ւր էր նրա մայրը։ Այդ կողմի շինական կանայք սովորություն չունեին՝ քաղաքացոց նման ծածկվել տդամարդերից, այլ երևում էին և մինչև անգամ խոսում էհն օտարների հետ։ Գյուղացոց մեջ մնացել էր այդ պարզությունը։ Բայց ինչո՞ւ չէր երևում մեր տանտիկինը։ Այդ մասին հյուրերից ոչ ոք չհարցրեց և ոչ ինքը, տան տերը, մի բան ասաց։ Սեղանը գյուղական պարզ սեղանից ավելի համադամ և ճոխ էր, տարակույս չկար, որ վարպետ Փանոսը այդ մասին նախապես առանձին հոգ էր տարել։

ճաշից հետո անմիջապես գնացինք ծովեզրը։ Այնտեղ Ասլանը ցանկանում էր տեսնել, թե ինչպես են պատրաստում ծովային աղերը։ Պատրաստելու եղանակը շատ պարզ էր. ափերի մոտ փորած էին փոքրիկ ածուներ, ջուրը ծովից բաց էին թողնում ածուների մեջ, այնչափով, որ բոլորովին լցվում էին, հետո թողնում էին նրանց այնքան ժամանակ, մինչև արևի ջերմության ներքո ջուրը բոլորովին գոլորշիանում էր, իսկ հատակի վրա մնում էին աղի փայլուն բյուրեղները: Այդ բոլորը տեսավ Ասլանը և իր հետ վեր առեց պատրաստած աղերից։ Գյուղացիները, որ այդ գործով էին զբաղված, հետաքրքրությամբ հարցնում էին, թե ի՞նչ պետք է անե։ Նա բացատրեց, թե այդ աղերը, որ դուք միայն օճառ պատրաստելու համար եք գործածում, ուրիշ շատ բաների մեջ կարող էին գործածվել և մեծ օգուտներ բերել։ Նրանք զարմացան և ուրախացան։ Ես իսկույն նկատեցի, թե ինչպես այդ բարի մարդիկը սկսեցին դրանից հետո մի առանձին հարգանքով վերաբերվել դեպի Ասլանը։ Երբ գյուղացուն մի բան ես սովորեցնում, որի մեջ տեսնում է իր շահը, նա այնուհետև դառնում է քո ամենալավ բարեկաը։

Հետո գնացինք նավահանգիստը։ Ոչ մի առագաստավոր նավ չկար այնտեղ, բոլորը նավակներ էին, թե հին և թե նոր տեսակներից։