Էջ:Raffi, Collected works, vol. 6 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/110

Այս էջը հաստատված է

բանով կաշառել. և ոչինչ կաշառք այնքան թանկագին չէր կարող լինել նրա համար, որպես մահմեդականություն ընդունելը։ —Բայց ես լսել եմ մի ուրիշ բան ևս։

— Ի՞նչ բան,— հարցրեց անհամբերությամբ տիկինը։

— Ասում են` մելիքը խոստացել է իմամին կնության տալ իր աղջիկը։

— Նա նույնն է անում, ինչ որ արեց իմ ուրացող հայրը...— խոսեց տիկինը դառնությամբ.— ախար նրա աղջիկը շատ փոքր է, դեռ ութ տարեկան է։

— Քի՞չ է պատահում, որ դրանից ավելի փոքր հասակով աղջիկներ առնվում են մահմեդականների հարեմխանաներում։ Զեզ հայտնի է, տիկին, որ այդ անհավատները մի առանձին բարեպաշտություն են համարում իրենց տունը լցնել բազմաթիվ կնիկներով։ Զարմանալին այն չէ, որ աղջիկը փոքր է, զարմանալին այն է, որ նրա հայրը տալիս է մի փտած, մաշված ծերուկի, որ իր բոլոր հույսը դրել է մի խաբեբա դերվիշի «մաջունների» վրա, որ նրանով վերադարձնե իր մանկությունը։

Տիկինը դարձյալ ընկավ մտածությունների մեջ։ Հանգամանքները շատ վատ փոփոխություն ստացան։ Եթե գործը կախված լիներ խանից միայն, գուցե նա կարող կլիներ ամեն կերպ դարձնել։ Բայց գործի մեջ խառնվեցավ մի հզոր անձն — իմամը, որին ամբողջ ցեղը պաշտում էր, որից ինքը խանը գողում էր։ Ի՞նչ կարելի էր անել նրա հետ։ Նա ինչ որ խնդրելու լիներ խանից, վերջինս չէր կարող չկատարել. հակառակ դեպքում, մի խոսքով ամբողջ ցեղը կապստամբացներ նրա դեմ։ Մահմեդականները ավելի կաշկանդված էին կրոնի և նախապաշարմունքների կապանքներով, քան մարմնավոր բռնապետի շղթաներով։ Այս պատճառով կրոնի ներկայացուցչի խոսքը համեմատաբար ավելի մեծ ազդեցություն ուներ նրանց վրա։ Դրա համար խանը ստիպված էր միշտ բարեկամություն պահպանել իմամի հետ և կատարել նրա ամենափոքր քմահաճություններն անգամ։

— Դու հաստատ գիտե՞ս,— հարցրեց տիկինը,— որ խանը խոստացել է Գենվազի և Բարդյուշատի կառավարությունը մելիքին հանձնել:

— Գիտեմ,— պատասխանեց ներքինապետը,— շատ էլ ցանկանար չէր կարող չհանձնել, քանի որ մեջտեղում կա իմամի նման մի միջնորդ։ Ասում են, այսօր մելիքի թլփատության խորհուրդը