Էջ:Raffi, Collected works, vol. 6 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/137

Այս էջը հաստատված է

բարեսիրտ Քեթևանը, շարունակելով իր գործը.— քանի օր է, որ ծեծ չեն կերել, դրա համար կատաղել են։ Դրանց պետք է ծեծել, միշտ ծեծել։

— Բավական է,— դարձյալ կրկնեց Բեկը։

Բարկացած պառավը այժմ դարձավ դեպի իր տերը։

— Այդ բոլորը ձեր մեղն է, տեր իմ,— ասաց նա գլուխը շարժելով,— այդ բոլորը ձեր թուլությունից է։ Եթե դուք էլ մյուս աղաների նման ծեծեիք, այսպես չէին լինի։ Այդ բոլորը ձեր մեղն է։ Մենակ դրանք չեն, որ կապը կտրած են, ամենքը այստեղ փչացել են, նրա համար, որ դուք չեք ծեծում։ Այսպիսի աղա ես չեմ տեսել։ Մտիկ տվեք մեր հարևան Գիորգիին, ինչպե՞ս իր ճորտերի հոգին հանում է. դրա համար նրանից վախենում են։

Բեկը ժպտաց միայն և ոչինչ չպատասխանեց։ Ճորտությունը այդ ողորմելի ժողովրդին անասնական դրության էր հասցրել, որի մեջ ծեծը ընդունված էր որպես գլխավոր պայման բանավոր մարդուն կարգի և պատշաճի մեջ պահելու համար։ Եվ զարմանալին այն էր, որ ինքը Ժողովուրդը այն աստիճան սովորած էր այդ դրությանը, որ բոլորովին անբնական էր համարում, երբ չէին ծեծում։ Նա նմանում էր մի գրաստի, որ շատ կզարմանար, եթե իր տերը չմտրակեր։

Աղասին չէր հասկանում, թե ինչ էր խոսվում իր շուրջը, որովհետև վրացերեն չգիտեր։ Բայց ինչ որ տեսավ, նրա վրա խիստ անախորժ տպավորություն գործեց։ Այդ ի՞նչ տեսակ անզգամ կնիկներ են, այդ ի՞նչ տեսակ վայրենի մարդիկ են, մտածում էր նա,— բավական չէ, որ կնիկները օտար մարդու հետ խոսում են, օտար մարդու մոտ երեսները բաց են անում, բայց այնքան անամոթ են, որ միմյանց ջարդում էլ են։ Նա մտաբերում էր սյուների հայ կնոջ ամոթխածությունը, որը ոչ թե օտարի, այլ իր տոհմակիցների հետ անգամ իրավունք չուներ ո՛չ խոսելու, ո՛չ դեմքը ցույց տալու։ Իսկ Աղասին այստեղ բոլորովին այլ տեսակ կյանք էր տեսնում և համարում էր այդ երկիրը կատարելապես վայրենիների աշխարհ։

Բոլորովին անտեղի չէր պառավ Քեթևանի նկատողությունը, Դավիթ Բեկը իսկապես թույլ էր իր տնտեսության մեջ։ Ամենամեծ մարդիկն անգամ, որոնք պետություններ են կառավարում, որոնք աշխարհին օրենքներ են տալիս, երբեմն իրանց տունը, իրանց ընտանիքը կառավարելու շնորհք չունեն։ Դավիթ Բեկը, որպես պատերազմական մարդ, ուշադրություն չէր դարձնում ընտանեկան