Էջ:Raffi, Collected works, vol. 6 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/142

Այս էջը հաստատված է

Գ

Բակից լսելի եղավ շների հաչելու խառնաձայն աղաղակը, որպես թե նրանք մեկի վրա հարձակված լինեին։ Պառավ Քեթևանի երկու որդիները, Փրիդոնը և Նիկոն, մահակները առնելով, դուրս վազեցին տեսնելու, թե ինչ է պատահել։ Աղմուկը ավելի խռովյալ կերպարանք ստացավ։ Մեկի սպառնալից հայհոյանքները խառնվում էին շների կատաղի հաչելու հետ։ Կանայքը նույնպես վազեցին դեպի դուրս, բայց հասնելով սենյակի շեմքին, նրանք սարսափելով հետ-հետ քաշվեցան և սաստիկ ճիչ բարձրացրին։ Այդ միջոցին դռնից հայհոյանքներով ներս պրծավ մի վիթխարի մարդ, որ երկու ձեռքով պինդ բռնել էր մի ահագին գամփռի ականջներից և իր հասակի երկայնությամբ վեր էր բարձրացել։ Շան երեսը դարձրած էր դեպի իր ախոյանը, նա լայն բերանը թաց արած, սպիտակ ժանիքները ցույց էր տալիս, մռնչում էր, հեծկլտում էր և զորեղ թաթերով ճանկռտում էր վիթխարիի կուրծքը, բայց դարձյալ չէր կարողանում իր գլուխը ու ականջները ազատել նրա ձեռքից։

— Այսուհետև կխելոքանաս,— ասում էր վիթխարին,— էլ Բայինդուրի վրա չես հարձակվի, երբ քո ականջներից լավ կքաշեն։

Վիթխարիի վարմունքը, որ սկզբում սարսափ ազդեց տանեցիների վրա, այժմ շարժում էր բոլորի ծիծաղը, որոնք շրջապատելով նրան, խնդրում էին, որ բաց թողնե շանը և նրա պատիժը բավական համարե։ Վիթխարին սաստիկ ուժով շպրտեց գազանին մի քանի քայլ հեռու, որը մնաց հատակի վրա անշարժ։ Հետո մի առանձին վեհությամբ կանգնելով նրա դիակի մոտ, խոսեց.

— Ահա այդպես, անպիտան, այսուհետև կսովորես, թե ինչպես պետք է վարվել Բայինդուր իշխանի հետ։ Պարսից շահնշահը նրան «բաթման-ղլիճ» Բայինդուր էր կոչում, իսկ դու, անպիտան, ո՞ւմ հետ ես խաղ խաղում...

Այդ իրավ է, որ պարսից շահնշահը Բայինդուր իշխանի անպարտելի ուժի համար նրան բաթման-ղլիճ տիտղոս էր տվել, որ նշանակում է՝ մի բաթմանի ծանրությամբ թուր կրող։ Բայց ողորմելի շանը ինչո՞վ էր հետաքրքիր, թե նա պարսից թագավորից ինչ տիտղոս էր կրում։

Նկատելով, որ շունը ոչինչ չէ պատասխանում, թողեց նրան հատակի վրա, և մոտենալով Բեկին, ինքն իրան ասում էր․

— Ինչպես տերն է, այնպես էլ իր շներն են, քաղաքավարություն ասած բանի հոտն անգամ չեն առել։