Էջ:Raffi, Collected works, vol. 6 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/15

Այս էջը հաստատված է

վրա։ Մի րոպեից հետո բակից լսելի եղավ նրա ձայնը, որ վիճում էր տան տիրոջ հետ, պահանջելով դռան բանալին։

— Է՜յ... վա՜յ... մի՛ սպանիր...— լսելի եղավ հրեայի դառն հառաչանքը։ Երևում էր, նա մի քանի ապտակ կերավ Աղասու ձեռքից։

Դուռը բացվեցավ. շեմքի վրա հայտնվեցավ հրեան ճրագը ձեռին։ Նա անդադար մյուս ձեռքը քսում էր իր երեսին, կարծելով, թե Աղասու մատները դեռ կպած էին այնտեղ։ Նա ինքն իրան մրթմրթում էր.

— Չի էլ ասում, որ աղան է գալիս... աղայի առջև ո՞վ կփակե իր դուռը... իմ տունը աղայի տունն է... անիծված... ա՛խ, ի՛նչ ծանր ձեռք ունի...

— Ես քեզ հազար անգամ ասեցի,— պատասխանեց Աղասին,— բայց դու էլի չէիր ուզում բաց անել։

— Լավ է, լավ,— խոսեց իշխանը վեր գալով ձիուց,— Հարունը լավ մարդ է, նրան պետք չէ ծեծել։

— Հա՛, այդպես, քո հոգուն մատաղ,— պատասխանեց հրեան, և դառնալով դեպի Աղասին էլի կրկնեց.— ա՛խ, ի՛նչ ծանր ձեռք ունի այդ անիծվածը...

Հրեան ծեծը ուտելուց հետո փափկացել, մոմ էր դարձել. նա ամեն կողմ ծալվում էր, գործ դնելով շողոքորթության բոլոր ձևերը։ Նա մի քանի րոպեի մեջ ձիերը տեղավորեց իր տան բակում և հյուրերին հրավիրեց միևնույն սենյակում, ուր ինքը իր կնոջ հետ ապրում էր։

Գ

Հարունը Օրդուբաթի հրեա ոսկերիչների մեջ միակ վարպետն էր, որ բացի ոսկերչությունից գիտեր և կնիքներ փորագրելու արհեստը։ Նա բավական հարուստ էր, ինչպես ամեն մի հրեա, որ գոհարների և թանկագին մետաղների հետ գործ ունի։ Իշխանի անակնկալ այցելությունը, որի անունը միայն լսած էր, իսկ անձամբ չէր ճանաչում, սաստիկ վախեցրեց նրան։ Ո՞ր սատանան բերեց այդ թափառաշրջիկ ասպետին իր տունը, այն ևս գիշերը, երբ հարևանները բոլորը քնած էին։ Ի՞նչ էր ուզում նա։ Ինչ էլ որ լիներ, հրեան համոզված էր, որ մի բարի բան նրանից սպասել չէր կարելի։