Էջ:Raffi, Collected works, vol. 6 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/189

Այս էջը հաստատված է

մնալով։ Մայրը նրան տեսնելով, վեր թռավ իր նստած տեղից, և գրկելով որդուն, հարցրեց.

— Զավակս, դու ի՞նչ պիտի կռվացնես։

— Իմ լորը, դրա լորի հետ, — նա ցույց տվեց սափրիչի որդու վրա։— Իմը կհաղթե, անպատճառ կհաղթե, մայրիկ, տես, վանդակը այնտեղ եմ դրել, մատուռի սեղանի վրա։ Տերտերին էլ ասեցի, որ մի բան կարդա։ Անպատճառ կհաղթե։ Մի ամսից ավել է, որ նրան քիշմիշ եմ ուտացնում ես։

— Դուք ինչո՞վ գրազ եկաք,— հարցրեց մայրը, որին մեծ ուրախություն էր պատճառում որդու զվարճությունը։

Փոխանակ որդուն, պատասխանեց հայրը։

— Եթե սափրիչի որդու լորը հաղթելու լինի, ես խոստացել եմ նրան թավադություն տալ, իսկ եթե իմ որդու լորը հաղթելու լինի, չեմ իմանում, թե ինչ պիտի ստանա սափրիչի որդուց։

— Ի՞նչ պիտի ստանամ,— ասաց ժառանգը ծիծաղելով.— նա ի՞նչ ունի, որ ես մի բան ստանամ։ Այս էլ բավական է, որ իմ լորը կհաղթե, ես ոչինչ չեմ ուզում։

Մանկահասակ ժառանգի մեծահոգությունը զարմացրեց բոլորին.— Ղոչա՛ղ, ղոչա՛ղ...— ձայն տվեցին ամեն կողմից և սկսեցին ծափահարել։

Թ

Մրցությունները պիտի կատարվեին ճաշից հետո, այդ պատճառով մեծ պարոնը շտապեցրեց, որ ճաշը շուտ պատրաստեն։

— Տղերք, դարձավ նա դեպի թավադի որդիները,— դուք էլ օգնեցեք։

Դաշտային խոհանոցը շատ հեռու չէր նրանց նստած տեղից։ Դրսում, բաց օդի տակ, ճաշ պատրաստելը վրացու համար, թե ազնվական լիներ նա և թե հասարակ գյուղացի, ամենամեծ զվարճություններից մեկն է։ Ոչինչ այնքան բավականություն չէ պատճառում վրացուն, որպես իր ձեռքով եփելը և իր ձեռքով ուտելը։ Թավադի որդիները, ձեռքները մինչև արմունկները ծալած, վազեցին դեպի խոհանոցը։ Լևանը սեղանի սփռոցը խլելով, բերեց, տարածեց գորգերի վրա. հետո վազեց, լավաշների ահագին կապոցը ղրկելով, բերեց շարեց սեղանի շուրջը։ Մեծ պարոնի ժառանգը կանաչեղենները տարավ և սկսեց լվանալ մերձակա աղբյուրի