Էջ:Raffi, Collected works, vol. 6 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/201

Այս էջը հաստատված է

մտնեն, թեև առանց նրա հրամանին ևս հարյուրավոր մարդիկ ջրի մեջ էին: Այնքան ազնվականներից միայն Արչիլը, ուշադրություն չդարձնելով իր կնոջ` Մելանիայի աղաչանքին, մերկացավ և նետվեցավ գետի մեջ, գուցե կարող լիներ ազատել խեղդվողին։

Թամարի հետ զբոսնող օրիորդներից մի քանիսը ուշաթափ էին եղած, և ընկել էին այստեղ ու այնտեղ, իսկ մի քանիսը, որ ավելի պինդ սիրտ ունեին, վազելով հասան ազնվականների մոտ, և արտասուքը աչքերում պատմում էին, թե որտեղից և ինչպես նա ընկավ գետը։ Բոլորը շվարած լսում էին։ Ափերից բազմությունը գոռում, գոչում էր, ձայն էր տալիս լուղորդներին, հասկացնելով, թե գետի որ կողմերում պետք էր որոնել։ Ոմանք ջրասույզ շների նման սկում էին, ջրի տակն էին մտնում, ոմանք տարվում էին սրընթաց հոսանքի հետ։

Այդ ընդհանուր սոսկումի և իրարանցման րոպեում, մեծ եղավ բոլորի զարմանքը, երբ տեսան մի լուղորդ, ջրի տակից դուրս գալով, իր հետ բերում էր մի դիակ։ Նա մի ձեռքով կոհակների հետ կռվելով, մյուսով բռնած ուներ դիակը, աշխատում էր մոտենալ ափին։ Այդ միջոցին ալիքների մի նոր հորձանք, ուժգին վրա տալով, երկուսին էլ տարավ դեպի հատակը։ Մի քանի վայրկյանից հետո կրկին հայտնվեցավ նա ջրի երեսին, դիակը բռնած ունենալով ձեռքին։ Ամեն կողմից լսելի եղան ցնծության աղաղակները: Մյուս լողորդները շտապեցին նրան օգնության հասնել։ Բայց մինչև նրանց հասնելը, նա դուրս եկավ ափի մոտ և անշնչացած մարմինը դրեց ցամաքի վրա։

— Կեցցե՜ Դավիթը, կեցցե՜... — գոռաց ամբողջ բազմությունը։

ԺԱ

Մցխեթի բոլոր ջադուկները, ժողովրդական պառավ բժիշկները, որոնք բարեբախտաբար այնօր ուխտավորների մեջ էին գտնվում, հավաքվեցան Թամարի մարմնի շուրջը։ Նրանց հետազոտությունից երևաց, որ օրիորդը բոլորովին խեղդված չէր։ Նրա երակը դեռ զարկում էր և թույլ շնչառությունը իսպառ խափանված չէր։ Իրանց կախարդական և բժշկական բոլոր հնարները գործ դնելուց հետո, օրիորդին այնպես ուշաթափ, մի պատգարակի վրա դնելով, տուն տարան։

Ժողովրդի մեջ զանազան կերպով էին բացատրում Թամարի հետ պատահած դժբախտությունը։ Իսկ թավադների շրջանի մեջ