Էջ:Raffi, Collected works, vol. 6 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/223

Այս էջը հաստատված է

— Բայց դու վատահություն ունե՞ս այդ մարդկանց հավաաարմության վրա,— հարցրեց սպարապետը ցած ձայնով։

— Բոլորին իմ հինգ մատի պես ճանաչում եմ. չափազանց ճարպիկ, հաջողակ, փորձված և վերին աստիճանի անձնվեր մարդիկ են: Եթե ասելու լինես` կրակի մեջը մտիր, իսկույն կնետվեն։ Եվ գլխավորն այն է, որ այդ մարդիկներից ամեն մեկն ունի իր պատմությունը, տոգորված է իր տոհմային ավանդություններով։ Նրանցից չկա մեկը, որ իր սրտում չկրեր մի գաղտնի վերք, որ ստացել էր բռնության կոպիտ ձեռքից։ Եվ հենց այդ տեսակ հալածված, տանջված և վշտացած մարդիկը մեզ պետք կգան։

— Ես էլ այսպես եմ կարծում,— ասաց սպարապետը և նրա մռայլված դեմքը, որ մինչ այժմ բավական տխուր էր երևում, սկսեց փոքր առ փոքր պայծառանալ։

Հաղորդելով սպարապետին իր տեղեկությունները, իշխանը հարցրեց.

— Հիմա դու պատմիր, ինչպե՞ս վերջացրեց Բեկը մեծ պարոնի հետ, ես այսօր ժամանակ չունեցա նրան տեսնելու։

— Ես տեսնվեցա, շատ լավ է վերջացրել,— պատասխանեց սպարապետը,— մի այնպիսի բան է հնարել, որ կարողացել է մեծ պարոնի հաճությունը ստանալ։

— Այսպիսի դեպքերում փոքր-ինչ խորամանկությունը, իմ կարծիքով, ներելի է,— ասաց իշխանը ծիծաղելով,— ես կարող եմ երևակայել, թե ի՛նչ բան հնարած կլինի։

— Նա հայտնել է մեծ պարոնին, թե դիտավորություն ունի Էջմիածին ուխտ գնալու, թե այնտեղ մեռոն պիտի եփվի, ցանկանում է ներկա գտնվել այդ հանդիսին: Եվ այս առիթով նպատակ ունի այցելել իր հայրենիքը, որից շատ տարիներ բաժանված է:

— Վատ չէ հնարել,— ասաց իշխանը` շարունակելով իր ծիծաղը,— ուխտագնացությունը սնահավատների վրա միշտ մեծ ազդեցություն է անում: Իսկ եթե Բեկը պարզ հայտնելու լիներ իր նպատակը, ի՞նչ ես կարծում, գուցե մեծ պարոնը իր կողմից կօգներ նրան։

— Նա վրացիների օգնության վրա վստահություն չունի։ Եվ մեծ պարոնը կախված լինելով պարսիկներից, գուցե ինքը առաջինը կլիներ, որ կմատներ նրան, պարսիկներին մի ծառայություն անելու համար։

— Շատ հավանական է,— ասաց իշխանը,— դրանցից ամեն