Էջ:Raffi, Collected works, vol. 6 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/254

Այս էջը հաստատված է

Վրաստանը բաժան-բաժան էր եղած այնքան մանր, միմյանցից անկախ իշխանությունների, որքան միմյանցից տարբեր ցեղեր և բարբառներ կային այնտեղ։ Կարթալինիան, Կախեթիան, Իմերեթիան, Օսեթիան, Մինգրելիան, Գուրիան, Աբխազիան և ուրիշ շատ երկրներ, առանձին-առանձին իշխանություններ էին կազմում։ Տիրապետող իշխանների քաղաքական նշանակությունը ոչնչով չէր տարբերվում, օրինակ, նույն ժամանակվա Ղարաբաղի մելիքների[1] իշխանությունից։ Ղարաբաղի մելիքը թե իր կառավարած երկրի տարածությամբ և թե իր վայելած արտոնություններով նույնքան իրավունք ուներ իր գավառի մեջ, որքան վրաց իշխանը իր նեղ, սահմանափակ երկրի մեջ։ Թե վրաց իշխանները և թե Ղարաբաղի մելիքները միօրինակ կախումն ունեին պարսից կառավարությունից, նրանցից նշանակվում էին և նրանց հարկ էին վճարում։ Ղարաբաղի մելիքները այն առավելությունը ունեին, որ իրանց հավատարմությամբ այնքան համարում էին ստացել պարսից կառավարության առջև, որ առանց իրանց կրոնը փոխելու, առանց մահմեդականություն ընդունելու հավատում էին նրանց։ Թեև լինում էին դեպքեր, որ հայ մելիքներից մեկը ուրանում էր կրոնը փառք և իշխանություն ձեռք բերելու համար, բայց այսպիսիներին հայ հասարակությունը բոլորովին մերժում էր իր միջից։ Որի, ընդհակառակն, պարսից արքունիքում, Սեֆեվիների տիրապետության ժամանակ, համարյա ընդունված սովորությունների կարգն էր անցել, որ մինչև վրաց իշխանները մահմեդականություն չընդունեին և իրանց անունը չփոխեին, իրավունք չունեին ստանալ Վրաստանի կառավարությունը։ Շահ-Աբաս մեծի տիրապետությունից հետո (1617 թ․), երբ Վրաստանը պարսկական նահանգ դարձավ, հիշյալ սովորությունը բոլորովին օրինական ձև ստացավ։ Վրացիների պարսից կառավարության հետ կապած դաշնագրի գլխավոր պայմաններից մեկը այն էր, որ Վրաստանի կառավարիչները կարող են լինել տեղացիներ, վրացիք, միայն մահմեդականություն ընդունած, և պիտի նշանակվեն պարսից կառավարությունից։ Այդ օրից մինչև ռուսների տիրապետությունը գտնում ենք մի շարք մահմեդականություն ընդունած վրացի ազնվականներ, որ կառավարում են երբեմն Կախեթիան և երբեմն Կարթալինան, որպես պարսից «վալիներ» և որոնց վրացիք «մեփե» են կոչում[2]։

  1. Մելիք կամ մալիք նշանակում է տիրող, իշխող, այլև թագավոր, դրանից է մամլաթաթ բառը, որ նշանակում է տերություն, երկիր, թագավորություն։
  2. Մի քանի մահմեդական անունները դժվար է գտնել․ պատմությունը հիշում է նրանց քրիստոնեության ժամանակ ունեցած անունները միայն, որպիսի են՝ Թեյմուրազ I․ Բագրատ, Սիմոն։ Իսկ ոմանք հայտնի են մահմեդական անուններով, որպիսիք են՝ Դավութ-խան և նրա որդիները՝ Ռոստոմ-Միրդա ու Խոսրով-Միրզա։— Շահնավազ (Վախթանգ V-ը ) և նրա որդիները՝ Մուրթուզա-Ալի խան (Սքչիլ), Դիորգին-խան ու Լևան-խան— Նաղար-Ալի .քսան Կույլար- աղասի (Հերակյ I) և նրա որդիները` Իմամ-Ղույի-խան (Դավիթ III Մամատ-Ղուլի- խան (Կոստանդին II) և Թեյմուրազ։— Հյուսեին-Ղուլի-խան (Վախթանգ VI) նրա որդի Շահնավազը (Բակարը), Վախթանգի եղբայրները Քեյ-Խոսրով-խանը, Ալի-Ղուլի-խանը (Ցասսեն) ու Սիմոնը։ Դրանք ուրիշ ոչինչ չէին, եթե ոչ պարսից կառավարության ներկայացուցիչներ։