Էջ:Raffi, Collected works, vol. 6 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/279

Այս էջը հաստատված է

էին Սյունյաց թագավորներից, իշխաններից, իշխանուհիներից, կամ գնել էր ինքը միաբանությունը։

Վարդանանց տոնն էր։ Վանքի մեջ կատարվում էր Ավարայրի դաշտի նահատակների հոգեհանգիստը։ Տաճարի մեջ, սեղանի հանդեպ, գրած էր մի դագաղ, որ ծածկված էր ոսկեհուռ դիպակներով։ Երեք մոմեր արծաթե աշտանակների մեջ լուսավորում էին դագաղը։ Նրա վրա դրած էին՝ մի խաչ, մի Ավետարան և մի քանի հատ սրեր։

Սեղանի վրա մատուցվում էր սուրբ պատարագը։ Ինքը վանահայրը՝ Ներսես արքեպիսկոպոսը, պատարագիչ էր։ Վանքի ամբողջ միաբանությունը, զարդարված թանկագին զգեստներով, սպասավորություն էր անում սուրբ խորհրդին։

Նահատակի դագաղը շջապատել էին Սյունյաց աշխարհի նշանավոր ավագները։ Նրանց մեջ կանգնած էր Դավիթ Բեկը Մխիթար սպարապետի և իր մյուս ընկերների հետ։ Տաճարը լիքն էր բազմությունով։ Վանքի բակում նույնպես ասեղ գցելու տեղ չկար։ Վանքի դուրսը շրջապատված էր բազմաթիվ կամավոր զինվորներով և մերձակա գյուղացիների ամբոխով։

Պատարագի խորհուրդը ավարտվելուց հետո, եկեղեցական դասը կատարեց հոգեհանգիստը։ Երբ ամեն ինչ վերջացած էր, Ներսես արքեպիսկոպոսը խոսեց մի քարոզ։

«Այստեղ ձեր աչքի առջև դրած է մի դագաղ,— այսպես սկսեց իր քարոզը,— դա Վարդանի դագաղն է։ Ձեզանից ամեն մեկը գիտե, թե ով էր Վարդանը։ Բայց գուցե շատերը չգիտեն, թե ի՛նչ էր Վարդանը։— Վարդանը մի ամբողջ ժողովուրդ էր. Վարդանը այդ ժողովրդի մարմնացած բողոքն էր։ Բողոք՝ բռնության դեմ. բողոք՝ անարդարության դեմ. բողոք՝ անազատության դեմ։

Մեր պատմությունը տվել է մեզ շատ նշանավոր մարդիկ։ Մենք ունեցել ենք Հայկ, որ տիտանների հետ էր պատերազմում։ Մենք ունեցել ենք Արամ, որ սպանեց ասորոց արևի որդուն[1]։ Մենք ունեցել ենք Տիգրան, որ ջնջեց վիշապների ցեղը։ Մենք ունեցել ենք մի ուրիշ Տիգրան, որ ջարդում էր Լուկուլլոսի ու Պոմպեոսի լեգեոնները։ Մենք ունեցել ենք ուրիշ շատ հերոսներ, բայց դրանցից և ոչ մեկը Վարդան չէ կարող լինել։

Այդ քաջերի հետ միացած էր զորքը, այսինքն վարձկանների

  1. Ասորոց դյուցազնը, որին սպանեց Արամը, կոչվում էր Բար-շամ․ նա համարվում էր արևի որդի և Բար-շամ բառը ասորոց լեզվով այդ է նշանակում։