Էջ:Raffi, Collected works, vol. 6 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/280

Այս էջը հաստատված է

մի դասակարգ, որոնց գործ էին ածում շատ անգամ աննպատակ աշխարհակալությունների մեջ, միայն իրանց դրոշի փառքը բարձրացնելու համար։ Զորքը արյուն էր թափում, իսկ նրանք փառք էին վայելում։ Զորքը հողեր էր տիրում, բայց նրա որդիքը քաղցած էին մնում. արդյունքը շռայլում էր զորքի տերը։

Բայց Վարդանի անձնավորության մեջ միացած էր ժողովուրդը։ Նրա փառքը ժողովրդին էր պատկանում։ Վարդանը — ինքը ժողովուրդն էր։

Նրա հետ միացած էր կղերը, մի ձեռքում խաչ, մյուս ձեռքում սուր բռնած։ Նրա հետ միացած էր շինականը, մի ձեռքում բահ, մյուս ձեռքում նիզակ բռնած։

Նրա հետ միացած էր ազնվականը, քաղաքացին, և որ ամենագլխավորն է՝ հայ կինը։ Սկսյալ նախարարների շքեղ դահլիճներից, մինչև գյուղական աղքատ խրճիթը, զարթնեց ազատասիրության վսեմ հոգին։ Զարթնեց և հայ կինը։ Նա իր հրեշտակային կենսատու շնչով ավելի վառեց, ավելի բորբոքեց ժողովրդի եռանդը։ Նա թողեց իր պաճուճանքը, մոռացավ իր փափկությունը և սովորեց տանել զինվորի կյանքի խստությունները։ Թանկագին բեհեզների, նուրբ կերպասների փոխարեն զգեցավ պատերամզող մարդու կոշտ հագուստը։ Ոսկեհուռ մարգարիտների փոխարեն նա իր կուրծքը զարդարեց երկաթե զրահով։ Գոհարեղեն պսակի փոխարեն նա իր գլխին դրեց պողովատյա սաղավարտը։ Ոսկի մատանիների փոխարեն կրեց սուր, վահան, նիզակ։ Ամեն ինչ տվեց նա, ամեն ինչ զոհեց հայրենիքը փրկելու համար։

Երբ կինը խառնվում է գործի մեջ, դա նրա հաջողության ամենապարզ նշանն է։ Հայ կինը շարժեց, ոգևորեց, ոտքի կանգնեցրեց ժողովրդի բոլոր դասակարգերը։ Իսկ Վարդանը այդ դասակարգերի միավորիչ հոդը, նրանց միմյանց հետ կապող օղակը դարձավ։

Վարդանը ժողովրդի հոգու արտահայտության ծնունդն էր: Բայց ի՞նչ էր ժողովրդի պահանջը. ի՞նչ նպատակ ունեին նրա հոգեկան ձգտումները։

Հայաստանը իր օրհասականի մեջ էր գտնվում Արշակունյաց հզոր պետությունը զոհ էր գնացել Տիսբոնի նենգությանը։ Օծյալ թագավորների գահը խորտակված էր. նրանց փոխարեն տիրում էին պարսիկ մարզպանները։ Սուրբ Գրիգոր Լուսավորչի հայրապետական օրհնյալ տան ներկայացուցիչները վերջացրած էին։ Պարսիկը իր պիղծ ձեռքը տարածել էր մինչև եկեղեցու սրբարանը։