Էջ:Raffi, Collected works, vol. 6 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/286

Այս էջը հաստատված է

Եվ աստված կատարեց իր խոստմունքները, օգնելով Իսրայելի ժողովրդին, որ նա տիրե իր հայրենական երկրին և ոչնչացնե այնտեղ բնակվող բոլոր օտարազգիներին, որ նույն երկրի տերն էին դարձել։ Իր հրեշտակներով նա մինչև անգամ միջամտություն էր գործում, միանում էր իսրայելացոց բանակի հետ։ Երբ Հեսուն ամորհացոց հինգ թագավորների հետ պատերազմ ուներ, աստված նրան օգնության հասավ, և Գաբավոնի ճակատամարտի ժամանակ, երկնքից քարե կարկուտ թափելով ամորհացիների վրա, բոլորին կոտորեց։ Իսկ Հեսուն նրանց հինգ թագավորներին բռնել տալով, հրամայեց կախ տալ հինգ ծառից[1]։

Երբ ասորոց Սենեքերիմ թագավորը Իսրայելի Եզեկիա թագավորի հետ կռիվ ուներ, աստված իր հրեշտակի ձեռքով մի գիշերվա մեջ կոտորեց Սենեքերիմի զորքերից հարյուր ութսուն և հինգ հազար հոգի։

Հազարավոր այսպիսի օրինակներ կարելի է բերել սուրբ գրքից, որոնք ցույց են տալիս, թե հայրենասիրությունը, ազգասիրությունը ամեն մի անհատի սուրբ պարտավորությունն է։ Եվ հայրենիքի ազատության, հայրենիքի պաշտպանության համար կատարված պատերազմը սուրբ պատերազմ է։ Այլևս չեմ խոսում Դավթի, Սողոմոնի պատերազմների մասին, որոնք միևնույն ժամանակ Իսրայելի թե մարգարեն և թե թագավորն էին։ Բայց կասեմ ձեզ մի փոքրիկ դեպք Մովսեսի կյանքից, որ ցույց է տալիս, թե ո՛ր աստիճան մոլեռանդության էր հասած ազգասիրությունը այդ մեծ մարգարեի և օրենսդրի մեջ։ Մի անդամ Մովսեսը տեսնում է մի եգիպտացու, որ նախատում էր մի իսրայելացու, այն րոպեում սպանում է նրան և նրա դիակը թաղում է Նեղոսի ավազների մեջ։ Այստեղից շատ պարզ է ազգային նախանձախնդրությունը։

Բայց մեր կույր, տգետ, անկիրթ եկեղեցականները, որոնք ամեն օր աստուծո տաճարի մեջ կարդում են ձեզ Մովսեսի, Հեսուի, Դավթի և Իսրայելի մարգարեների գործերը, — երբեք չբացատրեցին, երբեք չքարոզեցին ձեզ, թե աստուծո այդ ընտրյալները ո՛րքան միլիոնավոր մարդիկ են կոտորել, որքան ազգեր են ոչնչացրել, մինչև կարողացել են իրանց ազգը` Իսրայելը հաստատել իր հայրենական երկրում։

Եվ մենք տեսնում ենք Հայաստանի բարօրությունը այն դարերում,

  1. Հեսու Ժ. գլ. համար 11։