Էջ:Raffi, Collected works, vol. 6 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/296

Այս էջը հաստատված է

Վանահոր` Ներսես արքեպիսկոպոսի նպատակն էլ հենց այդ էր, որ վանքի ավելորդ արծաթեղենները վաճառքի հանե` ստացած փողը պատերազմական գործողությունների համար գործ դնելու: Իհարկե, այդ արծաթեղենները, որպես եկեղեցական անոթներ, իրանց ողջ ձևով ոչ մի քրիստոնյա չէր գնի, այդ պատճառով հալում էին նրանց:

Սրբազանը թողեց Վահան հայր սուրբին շարունակել իր գործը, իսկ ինքը դուրս եկավ սենյակից, երբ նրան հայտնեցին, թե Դավիթ Բեկը կանչում է: Նա դիմեց դեպի վանքի թանաբին (դահլիճը), ուր այդ միջոցին առանձնացած էր Բեկը: Նրա մոտ նստած էին` Մխիթար սպարապետը, Թորոս իշխանը, Մելիք-Փարսшդանը, նրա փեսա տեր Ավետիքը և իր սիրելին` Ստեփաննոս Շահումյանը:

Դահլիճի պարսկական ձևով շինված փենջերեները (լուսամուտ) նայում էին դեպի ընդարձակ բակը, որ զարդարված էր դեռ նոր տերևները բաց արած ծառերով։ Բակում ոչ ոք չէր երևում։ Վանքի դռները դեռ կողպված էին, թեև առավոտից մի քանի ժամ անցել էր։

Այդ միջոցին դեպի վանքը տանող ճանապարհով գալիս էին մի խումբ ձիավորներ, որ բերում էին իրանց հետ մի կալանավոր։ Վերջինը ոտքով էր գնում, նրա ձեռքերը ետևի կողմից կապված էին մեջքի վրա, իսկ երկայն պարանի ծայրը բռնած ուներ մի ձիավոր։ Այդ դրության մեջ նա նմանում էր մի փախստական շան, որի վզից թոկով կապելով, ձիավորը իր ետևից քարշ է տալիս, և նա ստիպված է իր ընթացքը հարմարեցնել ձիու քայլերին, եթե ոչ կխեղդվի:

Երբ մոտեցան վանքին, մի քանի մարդիկ հեռվից տեսնելով նրանց, գոչեցին. «Բերեցի՜ն... բերեցի՜ն» և վազելով վանքը, շտապեցին ուրախալի համբավը տանել:

Ձիավորները իջան վանքի դռանը, և կալանավորին իրանց առջևը առած, ներս տարան։ Նրա կնճռած դեմքի վրա չէր երևում սարսափած կամ հուսահատված մարդու գունաթափությունը, ընդհակառակն, բավական հանգիստ կարելի էր համարել նրան, եթե աչքերի մեջ չնկատվեր մի տեսակ գազանային կատաղություն: Երբ նրան հասցրին դահլիճի առջև, լուսամուտները ներսից բացվեցան, Դավիթ Բեկը իր մոտ նստած ավագների հետ մոտեցան լուսամուտներին և սկսեցին վերևից նայել կալանավորի վրա։

Ցեխոտված, փոշիներում թաթախված, այդ պատառոտած