Էջ:Raffi, Collected works, vol. 6 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/313

Այս էջը հաստատված է

— Գնացել է կռվելու։

— Ո՞ւմ դեմ։

— Պարսիկների դեմ։

Երիտասարդը հասկացավ, որ թշնամու տան մեջ է ընկել և աշխատեց ծածկել իր ով լինելը։ Տան տղամարդը գնացել էր պարսիկների դեմ կռվելու, կնշանակե, նա մտել էր Դավիթ Բեկի խումբի մեջ, կնշանակե՝ նա նույն կամավոր զինվորների թվումն էր, որ այս գիշեր ջարդեցին իր հոր և իր զորքերը։

Տանտիկինը նստեց իր երեխաների անկողնի մոտ։ Երիտասարդը նստած էր նրանից փոքր—ինչ հեռու՝ կապերտի կտորի վրա։ Նա մտատանջության մեջ էր, թե ի՞նչ կլինի իր դրությունը, եթե այդ կինը կճանաչի իրան։ Մտածեց կաշառել նրան։

— Երևի, ձեր ամուսին այրը աղքատ է,— հարցրեց նա, դարձյալ նայելով իր շուրջը։

— Տեսնո՞ւմ եք իմ խրճիթը, պարոն, էլ ինչո՞ւ եք հարցնում,— պատասխանեց տանտիկինը մաղձոտ կերպով։— Անիծվի՜ մելիք Դավիթը, նա ոչ մի գյուղացու մոտ ուտելու հաց չի թողել։ Հինգ օր չկա, որ մեր տան կայքը ծախել տվեց հարկերի փոխարեն։

Երիտասարդը բարկությունից գունաթափվեցավ։ Նրա աչքի առջև նզովում էին, հայհոյում էին իր հորը։ Բայց նա զսպեց իրան և ոչինչ չպատասխանեց։ Այդ նզովքը, ընդհակառակն, սկսեց նրան փոքր առ փոքր հանգստացնել, որովհետև դրանից կարելի էր եզրակացնել, որ տան տիրուհին չէ ճանաչում իրան. եթե ճանաչելու լիներ, չէր համարձակվի որդու մոտ հայհոյել հորը։

Եվ իրավ, նա սկզբից չճանաչեց, բայց երբ ավելի ուշադրությամբ նայեց նրա վրա իսկույն ճանաչեց, որ դա նույն չարագործի որդին էր, որ Տաթևի ամբողջ վիճակը սարսափի մեջ էր պահում, որ աղքատությունը տարածել էր ոչ միայն իր տան մեջ, այլ բոլոր գյուղացիների խրճիթներում։ Անողորմ մարդու նույնպես անողորմ որդին իրան լավ ծանոթ էր։ Շատ անգամ նրան տեսել էր իրանց գյուղում հարկերը հավաքելիս կամ գյուղացիներին ծեծելիս։ Բացի դրանից նա ուներ մի բնական նշան, որ մի անգամ նրան տեսնողը, մյուս անգամ պատահելու ժամանակ, իսկույն կարող էր ճանաչել։ Նրա աչքերից մեկը սև գույն ուներ, մյուսը՝ կապույտ։

Բայց ինչո՞ւ լռեց նա, ինչո՞ւ ոչինչ չպատասխանեց, երբ լսեց աղքատ կնոջ նզովքը իր հոր մասին։ Մի ուրիշ ժամանակ այսպիսի մի խոսք բավական էր, որ Տաթևի մելիքի հզոր որդին հրամայեց անզգամին խեղդեին։ Այժմ ինչո՞ւ համբերեց նա։ Եվ ինչո՞ւ նա