Էջ:Raffi, Collected works, vol. 6 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/322

Այս էջը հաստատված է

սրտով։ Այս պատճառով էլ ժողովուրդը մերժեց ձեզ։ Դուք այժմ ամեն ինչ կորցրել եք. ձեզ մնում է երկու բան՝ կամ զղջալ և Բեկից ներումն ստանալ, կամ կրել ձեր դատապարտության պատիժը: Որը կամենում եք, ընտրեցեք։ Ես հավատացած եմ, որ Բեկը այնքան մեծահոգի է, որ կներե ձեզ, եթե զղջալու լինիք։

— Ես ինձ չեմ հասցնի այն ստորության, որ որևիցե հայից ներումն խնդրեմ, — պատասխանեց կալանավորը արհամարհանքով։ — Ինչ լինելու է, թող լինի, ես կխոնարհվեմ ճակատագրի առջև։

— Ձեր ճակատագիրը նրանով կվերջանա, որ Բեկը կհրամայե այսօր գլխատել ձեզ։

— Այդ ինձ համար միևնույն է, բայց ես հավատացած եմ, որ իմ որդին վրեժխնդիր կլինի հոր արյան համար։

— Այդ հույսը մի ունեցեք, ձեր որդին չէ կարող այդ անել:

— Կարող է. նա պարսիկ զորքերով կոչնչացնե Բեկի բոլոր զորությունը։

— Եթե կենդանի լիներ... Ձեր որդին սպանված է։

— Որդի՞ս... սպանվա՞ծ է...— գոչեց նա կատաղի հառաչանքով և նրա գլուխը թեքվեցավ կոճղի վրա։

Աբեղան հասցրեց երկրորդ և ավելի սաստիկ հարվածը.

— Այո, սպանված է. գիտե՞ք ում ձեռքով, մի գյուղացի աղքատ կնոջ ձեռքով, որը նույն ժողովրդի զավակն է, որին մի րոպե առաջ դիակ էիք կոչում։ Տեսնում եք, այդ ժողովուրդը գիտե հարկավորված ժամանակ պատժել իր բռնավորներին։ նա զգում է անիրավ ձեռքից կրած վերքը և աշխատում է վրեժխնդիր լինել։ Բայց դիակները ոչինչ չեն զգում:

Վերջին խոսքերը չլսեց կալանավորը։ Բոթաբեր լուրը միանգամայն խորտակեց թե նրա սիրտը և թե նրա հույսերը։ Մինչև այժմ նա հանգիստ էր, հանգիստ էր գլխավորապես այն պատճառով, որ մտածում էր, եթե իրան կգլխատեն, եթե իրան կախաղան կբարձրացնեն, դարձյալ կթողնե երկրի վրա իր շարունակությունը — որդուն։ Որդին կպահպանե անիրավությամբ ձեռք բերած իշխանությունը։ Իսկ այժմ բոլորը կորավ, բոլորը ոչնչացավ։ Փառասիրության ցանկությունը ավելի զորեղ էր նրա մեջ, քան որդեսիրության զգացմունքը։ Եվ նա ափսոսում էր ոչ այնքան սպանված որդուն, որքան կորցրած փառքը։ Արտասուքի ոչ մի կաթիլ չհայանվեցավ նրա անգութ աչքերում, որ այժմ լի էին վայրենի կատաղությամբ, միայն երբեմն խորին հառաչանքներ դուրս էին թռչում խստասիրտ մարդու ջախջախված կուրծքից։ Երբ նա փոքր-ինչ հանգստացավ, հայր սուրբը խոսեց.