Էջ:Raffi, Collected works, vol. 6 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/327

Այս էջը հաստատված է

— Ի՞նչ ասել կուզե, — պատասխանեց պառկած ուղևորը հեգնական կերպով,— ձեզ խիստ սազ է գալիս թշնամու հետ կռվելը... Ավելի լավ կանեք, որ գնաք ձեր բանին, ինչպես տեսնում եմ, կռիվը ձեր գործը չէ:

— Բոլորովին ուղիղ է քո ասածը,— խոսեց երեք ընկերներից մեկը: — Շնորհակալ եմ, եղբայր, որ մեզ զգուշացրիք. մենք արհեստավոր մարդիկ ենք. Զեվուի մեջ այժմ հազիվ թե կարելի լինի մի աշխատություն գտնել, երբ ամեն մարդ իր գլխի համար է մտածում։ Մենք կգնանք մի ուրիշ կողմ, արհեստավոր մարդուն ամեն տեղ հացը պակաս չի լինի:

Նրանք բոլոր ժամանակ խոսում էին թուրքերեն: Պառկած ուղևորը նկատելով, որ իր խրատները ազդեցություն գործեցին երեք ճանապարհորդների վրա, գլուխը կրկին դրեց խոտերի վրա, աչքերը փակեց, սկսեց քնել, ասելով.

— Գնացեք, աստծուն եմ հանձնում ձեզ։

Ցույց տալով, թե ուրիշ կողմ են գնում, նրանք դուրս եկան դեպի բերդը տանող ճանապարհից։ Բայց երբ բավական հեռացան աղբյուրից, երբ ծածկվեցան բլուրների ետևում, իսկույն շեղվեցան իրանց բռնած ուղղությունից և կրկին բռնեցին բերդի ճանապարհը:

Ճանապարհին ոչ ոք չէր երևում, միայն երբեմն պատահում էին բերդից փախստականներ, որոնք միևնույն հարցերն էին առաջարկում. «Ո՞ւր եք գնում, բերդը շուտով կպաշարվի...»։

ճանապարհորդներից մեկը սափրիչ էր, գոնե այսպես երևում էր այն բոլոր գործիքներից, որ նրա մոտ գտնվում էին։ Նա իր ամբողջ խանութը իր վրա բարձած ուներ։ Կաշյա լայն գոտիի առջևի կողմում ուներ մի պահարան, զինվորների փամփուշտներ դարսելու պահարանի նման, այն զանազանությամբ միայն, որ փամփուշտների փոխարեն այնտեղ խրած էին ածելիներ, մկրատներ և բութ նշտարը, որով երակներից արյուն էր բաց թողնում։ Աջ կողմում, նույն գոտիից, քարշ էր ընկած նրա երկայն հեսանաքարը և մի ահագին քալփաթին, որով ատամներ էր դուրս քաշում և որը ավելի հարմար էր էշի ոտներից նալեր պոկելու համար: Ձախ կողմում, նույն գոտիից, քարշ էր ընկած նրա մեծ լագանը, որի մեջ մաղեր էր թրջում։ Առջևից կախված էր սև ժապավենի նման մի երկայն կաշի, որի վրա սրում էր ածելիները։ Եթե ավելացնենք դրանց վրա մի կոտրած հայելի, որ նա պահած ուներ իր ծոցում, և փոքրիկ մաղաշը, որով քթի մազեր էր դուրս