Էջ:Raffi, Collected works, vol. 6 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/348

Այս էջը հաստատված է

Իրավ է, որ հայերր զինված էին լավ հրացաններով, որ սպահանցի վաճառականների միջնորդությամբ, Ռուսաստանի և Կասպից ծովի վրայով, ստացվել էին Եվրոպայից։ Հայոց զինվորը առաջին անգամ տեսնում էր իր հրացանի ծայրին սվին և այդ այնքան զվարճացնում էր նրան, որքան մի նոր խաղալիք երեխայի ձեռքում։

Որի ընդհակառակն, թշնամու հրացանները բոլորովին հին ձևի էին և սաստիկ ծանր։ Նրանք սվինների փոխարեն ունեին իրանց ծայրին երկճղի եղջյուրներ, որ շինված էին փայտից և ծառայում էին որպես նեցուկ։ Եղջյուրները այնպես էին հարմարեցրած, որ հեշտությամբ շարժվում էին. արձակելու ժամանակ կարելի էր նրանց սուր ծայրերը ամրացնել գետնի մեջ, որպես երկու ոտիկներ, և հրացանի փողը հորիզոնական ձևով կանգնեցնել նրանց վրա։ Այդ այն հարմարությունն ուներ, որ ծանր հրացանը դողդոջուն ձեռքի մեջ բնավ չէր շարժվի։ Իսկ երբ պետք չէր գործ ածել, կարելի էր եղջյուրները հրացանի փողի ուղղությամբ շուռ տալ, այդ դրության մեջ նրանք սվինի ձև էին ստանում, միայն փայտից շինված[1]։

Անձրևը մանրիկ կաթիլներով դեռ մաղվում էր։ Բարեբախտաբար ցեխ չէր գոյացնում. ավազոտ հողը ծծում էր իր մեջ վերևից թափված խոնավությունը։ Բացի դրանից, լեռնեցի տափարակները պատած էին կամ խիտ խոտաբույսերով, կամ սալացած ապառաժներով, որոնց վրայից վազում էր ջուրր։

Այդ բոլոր հանգամանքները լցնում էին Մելիք-Փարսադանի սիրտը անսահման ուրախությամբ։ Ծերունի զորապետը, կարծես, կրկին մանկացել, երիտասարդական աշխույժ և եռանդ էր ստացել։ Խորտակված, միմյանց վրա դիզված ժայռերը, պատի նման ուղղաձիգ ապառաժները, լեռնեցի դժվարելանելի դարիդուսը, և տեղ-տեղ խորին խրամատները ամենևին չէին վհատեցնում նրան։ Իր զորքերի առաջն անցած, խրախուսում էր նրանց, սիրտ էր տալիս, և հորդորում էր առաջ մղվել։

— Դե՛, զավակներս, այդ սարն էլ անցնենք, թշնամին մեր ճանկերի մեջ կլինի։

Իսկ նրա զավակները առյուծի նման առաջ էին գնում, և բնավ պետք չունեին հրամանատարի քաջալերությանը։

Երբ բավական տարածություն անցան, ծերունի զորապետը

  1. Այդ տեսակ եղջյուրավոր հրարաններ այդ կողմերում այժմ գործ են ածում որսորղներր, երբ պետք էր խոշոր կենդանիներ սպանել