Էջ:Raffi, Collected works, vol. 6 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/364

Այս էջը հաստատված է

զորավարին՝ խանի ֆարրաշի կերպարանքով։ Ծառան ծանոթ էր խասի ամրոցի հետ։ Այդ ծառայության առիթը նրա ունեցած երկու պարապմունքն էր։ Իրրև գինեվաճառ, նա շատ անգամ ծածուկ, իր ձեռքով ըմպելիքներ էր բերում խանի համար, որը չէր ցանկանում իր ծառաների ձեռքով ստանալ, որպեսզի իր գինարբության սովորությունը մահմեդականներին չհայտնվի։ Հավատարիմ Սառան ամենայն խոհեմությամբ պահում էր այդ գաղտնիքը։ Իսկ կանանոցի հետ հարաբերություն ուներ նրանով, որ նրան շատ անգամ կանչում էին, երբ երեխաների կոկորդը ուռչում էր։ Սառան իր ինքնուս փորձերով բավական հմուտ էր այդ հիվանդությունը բժշկելու մեջ։

— Դե՜ գնա կանչիր, մի՛ ուշացիր,— ձայն տվեց տիկինը։ — Երեխաս կմեռնի, եթե նա չզա։

— Ես չգնա՞մ Փարիշանի հետ,— հարցրեց ներքինին երկչոտ ձայնով։

— Հենց դու՛ էիր պակաս, քավթառ,— պատասխանեց աղախինը մի առանձին սպառնալիքով նայելով Ներքինու երեսին։ Դու չե՞ս իմանում, որ հրամայված է այս գիշեր բոլոր հայերին կոտորել, և երկյուղից ոչ մի հայ այս գիշեր իր տանից դուրս չի գա։ Ես կգնամ, մի կերպով կհամոզեմ, կբերեմ Սառային, բայց եթե քո ռեխը տեսնելու լինի, կվախենա ու չի գա։

Որովհետև գործը վերաբերում էր մի ծանրակշիռ հարցի, ինչպես էր տիկնոջ զավակի կյանքը, այդ պատճառով բարկացած ներքինին լուռ կացավ և չպատասխանեց աղախնի կոպտություններին։ Բայց եթե մի ուրիշ անգամ լսելու լիներ նրանից այդ խոսքերը, անտարակույս նրա ծամերը կփետեր։

— Դու միայն անցկացրու ինձ դռներից, որ պահապանները չարգելեն,— կրկին դարձավ նա դեպի բարկացած ծերուկը։

Ներքինապետի դիտանոցի բարձրությունից վաղուց արդեն լսելի էր եղած նրա երրորդ անգամի հրամայական ձայնը՝ «քնել», և կանանոցի մեջ բոլոր դռները փակված էին, ոչ ոք իրավունք չուներ ներս ու դուրս անելու։ Այս պատճառով ներքինին նախքան առաջնորդելը աղախնին դեպի Սառայի տունը, դիմեց ներքինապետի մոտ, որ նրան հայտնե հիվանդի անցքը, և իմանա գիշերվա անունը, որովհետև առանց գիշերվա անունը տալու, պահապաններից և ոչ մեկը դռները չէր բաց անի։

Մինչև ներքինու վերադառնալը Փարիշանը բոլորովին պատրաստ էր ճանապարհ ընկնելու համար։ Նա փաթաթեց իբ գլուխը